«Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, այսօր «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին՝ տեսակապի միջոցով իր ելույթում ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ըստ Հայրապետյանի, թելեթոնի նպատակն էր նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին։
«Իմ խոսքում ասացի, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլև արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Դոմիկները» Հայաստանում այլևս անելիք չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա», - Ֆեյսբուքում գրել է նախարարը։
Նշենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տվյալներով՝ Գյումրիում դեռևս առկա է 2983 տնակ, որից բնակեցված է 2399. 584-ում մարդ չի բնակվում։