Մատչելիության հղումներ

«Թրամփը Պուտինին հանդիպելուց առաջ զիջումների չի գնում». Ջոն Բոլթոն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով վերջերս Մոսկվայում էր, «Ֆոքս Նյուզ» հեռուստակայանի հետ զրույցում երեկ մեկնաբանել է ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամից դուրս հանելու հնարավորությունը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Բոլթոնն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված հանդիպումը Թրամփին կընձեռի ռուսաստանցի պաշտոնակցին հասկանալու հնարավորություն:

«Նա ուզում է հասկանալ ռուսաստանցիների դիրքորոշումը և ավելին՝ նա ուզում է, որ Վլադիմիր Պուտինն էլ մեր դիրքորոշումը հասկանա», - ասել է Բոլթոնը և շարունակել. - «Եթե արձանագրվի բեկումնային առաջընթաց, ապա շատ լավ կլինի, բայց առանցքայինը, թերևս, այն է, որ Թրամփի վարչակազմի աշխատանքի մեկնարկից մեկուկես տարի անց այս հանդիպումը, վերջապես, տեղի կունենա»:

Բոլթոնի փոխանցմամբ, Թրամփը հանդիպումից առաջ արտաքին քաղաքականության ասպարեզում զիջումների չի գնում:

«Ֆոքս Նյուզ»-ի թղթակիցը Բոլթոնին խնդրել է մեկնաբանել երկու հաղորդագրությունները, որոնցից մեկի համաձայն, Պենտագոնն ուսումնասիրում է Գերմանիայից ստորաբաժանումները դուրս հանելու հնարավորությունը, իսկ ըստ երկրորդի, Թրամփը Կանադայում՝ «Մեծ յոթնյակի» հավաքում, իբր, ասել է, որ Ղրիմը պետք է ճանաչվի Ռուսաստանի մաս, քանի որ թերակղզու բնակիչների մեծ մասը ռուսախոս է: Արդյո՞ք այդպես Թրամփը չի փորձում զիջումներ մատուցել Պուտինին:

«Ո՛չ, չեմ կարծում, որ այդպես է», - ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Բոլթոնի խոսքով՝ այդ կարգի հաղորդագրություններում ինչ-որ բան կարող է ճիշտ լինել, ինչ-որ բան՝ սխալ, ինչ-որ բան՝ մասամբ ճիշտ:

«Ես չեմ լսել, որ նախագահը նման բան ասի, չեմ տեսել նաև հանդիպման սղագրությունները, այդ հանդիպումներում ինչեր ասես չեն լինում, շատ բան էլ գուցե չափազանցված է հրամցվում», - ասել է Բոլթոնը:

Ռուսաստանի նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահները հանդիպման ընթացքում քննարկելու են «մի շարք բարդ հարցեր, այդ թվում՝ Սիրիայի թեման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG