Մատչելիության հղումներ

Բողոքի հզոր ցույց՝ Մոլդովայի մայրաքաղաքում


Ցուցարարները բողոքում են Մոլդովայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների արդյունքը չեղարկելու՝ իշխանության որոշման դեմ, Քիշնև, 1 հուլիսի, 2018թ.
Ցուցարարները բողոքում են Մոլդովայի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների արդյունքը չեղարկելու՝ իշխանության որոշման դեմ, Քիշնև, 1 հուլիսի, 2018թ.

Տասնյակ հազարավոր մարդիկ Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ցույց են կազմակերպել հունիսին տեղի ունեցած Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղարկելու՝ իշխանության որոշման դեմ:

Քիշնևի Ազգային ժողովի հրապարակում այսօրվա ցույցը կազմակերպել են արևմտամետ կուսակցությունների լիդերները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Ցուցարարները վանկարկում են «Կորչի՛ մաֆիան» կարգախոսը և պահանջում են ճանաչել «Արժանապատվության և ճշմարտության պլատֆորմ» կուսակցության ղեկավար Անդրեյ Նաստասեի հաղթանակը քաղաքապետի ընտրություններում:

Բացի այդ, ցուցարարները պահանջում են քրեական գործեր հարուցել Գերագույն դատարանի յոթ անդամների դեմ, ովքեր չեն ճանաչել քաղաքապետի ընտրությունների արդյունքները:

Նաստասեն հունիսի 3-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում ստացել է քվեների 52.5 տոկոսը և առաջ է անցել ռուսամետ թեկնածու, Սոցիալիստական կուսակցությունից առաջադրված Իոն Չեբանից, սակայն դատարանը չեղյալ է հայտարարել արդյունքները, հայտարարելով, որ երկու թեկնածուներն էլ ընտրությունների օրը սոցիալական ցանցերով իրենց աջակիցներին կոչ են արել քվեարկել, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի կանոններին:

Բողոքարկման դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որը հետագայւմ հաստատվել է նաև Գերագույն դատարանի կողմից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճռել է, որ վերաքվեարկություն չի լինի, այդպիսով՝ Մոլդովայի օրենքների համաձայն, մայրաքաղաքը մինչև 2019 թվականի հերթական ընտրությունները կղեկավարի գործող քաղաքապետը:

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել են Մոլդովայի իշխանությունների այդ որոշումը:

Ցուցարարներն այսօր պահանջում են նաև փոխել Ընտրական օրենսգիրքը, որն ընդունվել է ռուսամետ օրենսդիրների և հաստատվել է ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG