Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են սպասվող ընտրություններին․ Սեֆիլյան


Ժիրայր Սեֆիլյան, Երևան, 30-ը հունիսի, 2018 թ․
Ժիրայր Սեֆիլյան, Երևան, 30-ը հունիսի, 2018 թ․

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են սպասվող «ազատ, արդար և թափանցիկ» ընտրություններին: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Ժիրայր Սեֆիլյանը։ Խախտելով ազատ արձակվելուց հետո մինչ այժմ պահպանած լռությունը՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդն այսօր նշեց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն են, քանի որ դրանց անցկացման համար երկրում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ։

«Ստեղծվել է անախադեպ հնարավորություն՝ կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, և մենք այսօրվանից պատրաստվում ենք այդ ընտրություններին: Հուսով ենք, որ առաջիկայում ձևավորվելիք Ազգային ժողովում կընդգրկվեն գաղափարական ուժեր, գաղափարակիր անհատներ»,- ասաց Սեֆիլյանը:

«Հիմնադիր խորհրդարանում» դեռ չեն որոշել՝ ընտրություններին կգնան միայնա՞կ, թե դաշինքով: Սեֆիլյանն ասում է՝ դա պարզ կդառանա քննարկումների արդյունքում։ «Հիմնադիր խորհրդարանի» առաջանորդից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք դիտարկում են «Քաղաքացիական պայմանագրին», որի անդամն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սատարելու հարցը։ «Բոլոր տարբերակներն էլ պիտի դիտարկել: Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, մենք նոր չէ, որ հայտարարում ենք, բանտից էլ հայտարարել ենք, որ աջակցել ենք շարժմանը: Վարչապետի ընտրությունից հետո շնորհավորել ենք, ողջունել ենք և նեցուկ ենք կանգնել: Այսօր էլ շարունակվում է նույն քաղաքականությունը»,- պատասխանեց Սեֆիլյանը:

Նա շեշտեց՝ դեռ պետք է ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբի մնացած անդամները, ինչից հետո կանցնեն գործնական քայլերի․ «Այսօր մեր անելիքի նախապատվությունն օր առաջ տղաներին ազատության մեջ տեսնելու աշխատանքն է, որին անձամբ ես լծված եմ: Բոլորը պիտի լինեն ազատության մեջ: Իսկ ինչ վերաբերում է դատաքննությանը, առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որ լինի անաչառ դատաքննություն և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ մտավախություն չկա՞ արդյոք, որ հասարակության կողմից միանշանակ չի ընդունվի «Սասնա ծռեր» զինված խմբի այն անդամների ազատ արձակումը, որոնք մեղադրվում են ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին երեք ոստիկանի սպանության մեջ: Խոսքը, մասնավորապես, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի մասին է։ «Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին բոլոր կողմերը հասկանալու են, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը: Հուսով եմ, որ, մասնավորապես, նաև զոհվածների հարազատները ևս շուտով այս կարծիքին կլինեն»,- ասաց Սեֆիլյանը:

Ի դեպ, նա չցանկացավ մեկնաբանել վերջին շրջանում արված աղմկոտ կոռուպցիոն բացահայտումները, կապված, մասնավորապես, գեներալ Մանվել Գրիգորյանի, նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ։ Խոստացավ՝ դրանց կանդրադառնա հաջորդ հանդիպման ժամանակ։

Հիշեցնեմ՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը նախկին իշխանություների օրոք դատապարտվել էր 10 տարի 5 ամվսա ազատազրկման: Նա մեղադրվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, նաև ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի ու ռազմամթերքի միջոցով ռազմավարական նշանակության շենքեր գրվելու նպատակ ունենալու մեջ։

Թավշյա հեղափոխությունից հետո՝ հունիսի 13-ին Վերաքննիչ դատարանը 13 պատգամավորների երաշխավորագրերի հիման վրա փոխեց Սեֆիլյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը, նաև մեղմացրեց առաջին ատյանի կողմից սահմանված պատժաչափը, այն դարձնելով 5,5 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG