Ժամանակին պարտադիր կուտակայինի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս չկարողացավ չեղարկել օրենքը: Խորհրդարանը հունիսի 21-ին ընդունեց օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Ըստ այդմ՝ կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2,5 և 7,5 տոկոս համամասնությամբ. այսինքն 2,5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7,5 տոկոսը` պետությունը:
Նախկին կարգավորմամբ, կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում էր աշխատողը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:
Դեռ տարիներ առաջ մեծ դժգության ալիք բարձրացած օրենքը գործում է արդեն 4 տարի, սակայն համակարգում ներգրավված մարդիկ տարիներ շարունակ դժգոհում են, որ սեփական հաշիվների մասին տեղեկատվություն ստանալու մեխանիզմները խիստ խճճված ու անհասկանալի են:
Նաիրա Կարմիրշալյանը փորձել է այս տարիների ընթացքում ստուգել հաշիվները, հետևել ֆոնդերի աշխատանքին, հիմնականում շատ հարցերի պատասխան այդպես էլ չի գտել անգամ այն կայքում, որը պետք է հենց իրազեկումն ապահովեր․ - «Շատ քիչ տեղեկատվություն ունեմ այդ մասին: Ունեմ վերջին երեք ամիսների տեղեկատվությունը, թե որքան գումար է կուտակվում: Թե ինչ է լինում այդ գումարի հետ, ուր է գնում այդ գումարը, և այդ կառավարիչները ինչպես են կիրառում այդ գումարը, նման տեղեկություններ չունեմ: Ես կարծում եմ, որ մենք որպես քաղաքացիներ ունենք որոշակի անտարբերություն: Հաշվի առնելով վերջին տարիների զարգացումները՝ մենք արդեն էնքան հավատ չունեինք, որ ամեն ինչի նկատմամբ ենք անտարբեր դարձել: Ես էլ էնքան հավատ չունեի, որ էդ փողը երբևիցե կլինի իմը, որ իրոք դարձել էի անտարբեր: Բայց այժմ, քանի որ իրավիճակ է փոխվել, հուսով եմ, որ բոլոր քաղաքացիները, որ ինձ նման մինչև հիմա չեն հետաքրքրվել, կսկսեն հետաքրքրվել: Եվ, այո, հուսով եմ, որ մեր նախարարությունները և պատկան մարմինները ավելի բաց կաշխատեն, և մենք կկարողանանք իմանալ, թե ի վերջո որտեղ են մեր գումարները»:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը (ԿՀԻԿ) այսօր մեր խնդրանքին, որ հարկավոր է իրազեկել համակարգ նոր մուտք գործող քաղաքացիներին, թե ինչպես պետք է հետևեն իրենց հաշիվներին, արձագանքեցին, որ կպատասխան միայն հարցերն ուղարկելու դեպքում՝ հորդորեցին դիմել քաղաքականությունը մշակող կառույցին:
Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժման անդամ Լևոն Հարությունյանի համոզմամբ՝ նաև այս կառույցի վատ աշխատանքի հետևաքնով է, որ այոօր վստահություն չկա այս համակարգի նկատմամբ: Նա ընդգծեց, որ չեն դադարելու պայքարել օրենքի դեմ և հիմա ակտիվ քննարկումների մեջ են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ժամանակին իրենց շարժման ակտիվ անդամ Մանե Թանդիլյանի հետ: Հարությունյանի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկը դեռ խուսափում է հանիպումներից: Առաջիկայում մտադրություն ունեն հանդիպել նաև վարչապետ Փաշինյանի հետ:
«Քանի որ շատ մեծ կասկածներ կան, որ այն գումարները, որի 70 տոկոսը հիմա ներդրվել է Հայաստանում, որը չի ներդրվել, ես համոզված եմ, ուղղակի չկան այդ գումարները», - ասաց Հարությունյանը:
«Ազատության» հարցին, թե ինչպիսի փոփոխություն են ակնկալում, նա արձագանքեց․ - «Իմ մոտ լուրեր կան, որ սոցապ նախարարին հանձնարարական կա, որ գրի նոր օրենք, սեպտեմբերին ընդունեն և արդեն 2019-ի հունվարից գործի էդ օրենքը: Մենք ուզում ենք, որ աշխատի կուտակային համակարգը, բայց էն համակարգը, որ ներդրված է հիմա՝ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո, դա շատ մեծ փուչիկ է, որը, մեր համոզմունքով, չի աշխատելու: Ուղղակի մի օր պայթելու ա: Իսկ մենք ուզում ենք ունենանք կուտակային էնպիսի լավ համակարգ, որ մարդիկ կամավոր մասնակցեն, իմանան իրենց գումարները որտեղ են, այլ ոչ թե սայթով մտնեն, նայեն գումարներին ու ասեն՝ ես էսքան գումար ունեմ»:
Հարությունյանը հնչեցրեց նաև հետևյալ մտահոգությունը․ - «Այդ գումարների 40 տոկոսի չափ առնում են պետական պարտատոմսեր, մնացածը տալիս են բանկերին, էդ բանկերն էլ որոշ չափի գումարներով էլի առնում են պետական պարտատոմսեր: Պետական պարտատոմսերի գումարները գնում են բյուջեի դեֆիցիտը լցնելու: Պատկերացրեք՝ գալիս է պետական պարտատոմսերը վերադարձնելու ժամանակը, ի՞նչ ա անում: Ֆոնդը վերցնում ա գումարը ու նորից առնում ա պետական պարտատոմս՝ ավելի շատ քանակով, քանի որ պետությունը արդեն արտադրել ա ավելի շատ քանակով պետական պարտատոմս: Էս տիպի շատ հարցեր կան, որոնց մեզ թվերով պիտի պատասխան տա Կենտրոնական բանկը: Եթե սա էն մոդելն ա, որ ամեն անգամ վերադարձնելիս ավելի շատ պետական պարտատոմս են առնում, դա նշանակում ա, որ սա ուղղակի փուչիկ ա»: