Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հունիսի 28-ի ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությանը, ասել է, թե Ռուսաստանը կողջունի այդ հանդիպումը:
«Եթե նման հանդիպում անցկացնելը համաձայնեցվի և տեղի ունենա, ապա մենք կցանկանայինք էֆեկտիվ արդյունքներ և լավ մթնոլորտ», - ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովոն՝ շարունակելով. - «Նման հանդիպում անցկացնելը հասունացած և անհրաժեշտ քայլ է՝ օրակարգում գտնվող խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ երկու պետությունների միջև [խնդիրները]»։
Նշենք, որ Հայաստանի նոր իշխանություններն Ադրբեջանի պաշտոնակիցների հետ հանդիպումներ դեռևս չեն ունեցել:
Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Մինսկում վերջերս անցկացված Եվրամիության Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Զախարովան, պատասխանելով Պետդումայի նախագահի՝ Բաքվում արած հայտարարությունների վերաբերյալ հայաստանցի լրագրողի հարցին, Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական լինել։
«Մի մտածեք, թե մենք դա չենք հասկանում։ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված յուրաքանչյուր խոսքը հակամարտ կողմերից յուրաքանչյուրի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Դուք գիտեք՝ մենք ավանդական մոտեցում ունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններին։ Դա պաշտոնական հիմնարար դիրքորոշում է, այն չի փոխվել։ Մենք երկու երկրների հետ աշխատում ենք ՝արդյունքի հասնելու համար։ Այդ հակամարտության կարգավորման գործում մեր դերակատարությունը չենք համեմատում Բաքվի և Երևանի հետ, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեզ համար միջազգային օրակարգի հրատապ հարցերից մեկն է։ Երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայնեցված դիրքորոշումներն, անկասկած, համապատասխանում են մեր շահերին, ուստի ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Ռուսաստանի մոտեցումները չեն փոխվել», - APA գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան՝ նշելով. - «Ինչ վերաբերում է հայտարարություններին, դրանք հնչեցնում են քաղաքական գործիչները, տարբեր մակարդակի խորհրդարանականները, պատմաբանները, այդպիսի հայտարարությունները շատ են, այդ հարցի հետ կապված կա պաշտոնական դիրքորոշում և այն ձեզ հայտնի է»։
Հիշեցնենք՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»: Վոլոդինը վերահաստատել է՝ Ռուսաստանը հանդես է գալիս դրա խաղաղ կարգավորման օգտին։
Բոլորովին վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը ռազմաշունչ հայտարարություններով էր հանդես եկել, մասնավորապես, ասելով, թե իրենց նպատակն է նախապատրաստել բանակը պատերազմի համար, և «այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները»: