Վերջերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը և նրա ազգականները, Գասպարյանի խոսքով, վախի մթնոլորտ են սփռել քաղաքում, բայց դա, նրա խոսքով, իր պաշտոնավարման օրոք պետք է վերանա․ - «Վախի մթնոլորտ եղել է, և շատ քիչ մարդ է համարձակություն ունեցել ըմբոստանալ բարքերի դեմ: Եվ այդ մարդիկ էլ առանձնապես հաղթած այդ իրավիճակից դուրս չեն եկել: Հանրապետության մակարդակով իմացվել է: Էջմիածնի վիճակի մասին իրացվել է, որ էջմիածնեցին ապրել է ճնշված, էջմիածնեցին իր քաղաքում վախենում է շատ բան անել»։
Երբ Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 17-ին տեսանյութ հրապարակեց գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ապօրինի զենքի, զինվորներին այդպես էլ չհասած օգնության մասին, նրա որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն առանց որևէ բացատրության ժամեր անց հրաժարական տվեց: Օրերս Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Կարեն Գրիգորյանին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Այս պահին Հայաստանի միակ կին քաղաքապետի պաշտոնակատարն ասաց, որ աուդիտ է անցկացնելու՝ հնարավոր չարաշահումները բացահայտելու համար․ - «Ցանկացած էջմիածնեցու բակում տարիներ շարունակ խոսվել է, որ գնումների գործընթացը քաղաքապետարանում թղթերով միգուցե օրենքի տառին համապատասխան է արվում, սակայն շատ հանգամանքներ կան դրա հետևում: Այսինքն՝ միշտ նույն ընկերություններն են մասնակցել մրցույթներին և հաղթել: Դարձյալ վախի մթնոլորտի հետ կապված՝ որևէ այլ ընկերություններ չեն մտել պայքարի մեջ և միշտ հաղթել են հայտնի մարդկանց հետ կապված ընկերությունները»:
Էջմիածնի բնակիչները թեև դեռ չեն ճանաչում քաղաքապետի պաշտոնակատարին, սակայն հույսեր կապում են 30-ամյա Դիանա Գասպարյանի հետ։
Այսօր Կառավարության նիստից հետո Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կարծում է, որ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը պատվով կկատարի իր աշխատանքը․ - «Էն փորձը, որ նախկին պաշտոնյաները ունեցել են, մեզ էդ փորձը պետք չի այնքան էլ: Մենք ուզում ենք ավելի շատ իրավունքի երկիր ունենալ, և երիտասարդը, ով պատրաստված է, ունի համապատասխան կրթություն, էս միջավայրում պետք է ինքնադրսևորման հնարավորություն ունենա»:
Հարցին, թե արդյոք Դիանա Գասպարյանը պատրաստ է պայքարել քրեական տարրերի դեմ, Պապիկյանն արձագանքեց․ - «Քրեական տարրերի հետ պայքարը վերապահված է իրավապահ մարմիններին, իսկ իրավապահ մարմինները իրենց գործը պատվով են կատարում: Խնդիր չեմ տեսնում»: