Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու. ՀՔԾ պետ


ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 28-ը հունիսի, 2018թ․
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 28-ը հունիսի, 2018թ․

ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու, այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Ազատության» հարցին, թե այս գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի՞, Խաչատրյանը պատասխանեց. - «Ես նյութերը կհրապարակեմ այն ծավալով, որ ծավալով որ չի վնասի գործի քննությանը, բայց որպես սկզբունք խնդրում եմ դա ընդունեք, որ որևէ կաշկանդվածություն որևէ անձից՝ որևէ անձի հարցաքննության հրավիրելու, հարցաքննության կանչելու, չկա։ Եվ նորից եմ կրկնում՝ կա կամք դեպքը բացահայտելու»։

Նշենք, որ օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքացիներին խնդրեց տեղեկություններ տրամադրել 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ դրանց բացահայտման նպատակով:

«Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն», - ասված էր հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG