Մատչելիության հղումներ

Նախարար․ Դեմոյանը այլևս պաշտոն չունի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում


Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառմանը հետևեց Կրթության և գիտության նախարարի սուր արձագանքը։ «Ազատության» հետ զրույցում Արայիկ Հարությունյանն հայտարարեց, որ պատրաստվում է դիմել ոստիկանապետին, որպեսզի «այդ ինքնակոչին կարգի հրավիրեն»։

Նախ այս առճակատման պատճառի մասին։ Այսօր առավոտյան Հայկ Դեմոյանը «Ներխուժում Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» վերնագրով գրառման մեջ մեղադրել էր նախարար Հարությունյանին ու փոխնախարար Հովհաննիսյանին, որ վերջիններս, օգտվելով իր բացակայությունից, մուտք են գործել իր առանձնասենյակ, որտեղ եղել են իր անձնական իրերը։ Ապա հավելել էր. - «Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել՝ հոխորտալով, թե իմ մուտքը ինստիտուտի վարչական մաս այլևս արգելված է»։

Արձագանքելով այս մեղադրանքներին՝ նախարարն ասաց, թե Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության-թանգարան ինստիտուտում այլևս պաշտոն չունի․ - «Պարոն Դեմոյանին պարզապես լրջանալու, սթափվելու կոչ եմ անում: Որովհետև այն, ինչ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը: Ինքը այնտեղ աշխատասենյակ չունի, որովհետև տևական ժամանակ արդեն որևէ պաշտոն չունի»:

Հարությունյանի պնդմամբ՝ Դեմոյանի տնօրենի պաշտոնում լինելու ժամկետը լրացել է դեռ անցած տարի փետրվարին, իսկ թանգարան-ինստիտուտի կարգավիճակի փոփոխությունից, այսինքն՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալուց հետո Կառավարության կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Վարդանյանը։

12 տարի շարունակ տնօրեն եղած Դեմոյանը, սակայն, չի հրաժարվել այդ պաշտոնից: Նախարարին հասած լուրերով նա փորձել է ճնշում գործադրել ժամանակավոր պաշտոնակատարի վրա․ - «Ըստ պաշտոնակատարի, նա ստիպել է, որպեսզի պաշտոնակատարը ազատման դիմում գրի, և եկել է և տնօրենի սենյակում է բազմել: Այդ ներխուժումը ինքնին հակաօրինական է, ինստիտուտի մեքենան օգտագործելը հակաօրինական է: Մենք նրան զգուշացրել էին, որ պարզապես դա շարունակելու դեպքում կդիմենք ոստիկանություն»:

Հարությունյանը Դեմոյանին կոչ է անում սիրո ու համերաշխության մթնոլորտը ամենաթողության հետ չխառնել, անձնական քմահաճույքներով չառաջնորդվել։

Ինչ վերաբերում է նախկին տնօրենի այն գրառմանը, թե թանգարանում առկա խնդիրները քննարկելու և նախորդ Կառավարության որոշումների արդյունքում իր խախտված իրավունքների վերականգնելու հարցերով մեկ ամիս շարունակ փորձել է հանդիպել նախարարի հետ, բայց մերժում է ստացել, ապա Հարությանը արձագանքեց. - «Պարոն Դեմոյանը էն ամենակարևոր անձի չի, որ իշխանափոխության էս ծանր փուլում առաջնային ուշադրություն նրան դարձնել, ու նրա ստատուսներն ու պահվածքը վկայում են դրա մասին»:

Դեմոյանի հետ, ով այս պահին Վաշինգտոնում է, զրուցել չհաջողվեց, թեև սկզբում նա համաձայնեց խոսել, իսկ հետո չարձագանքեց։

Փոխարենը եղանք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ Նախկին տնօրենի գրառումը կարդացած աշխատակիցները քչախոս էին, մեկնաբանել կամ մանրամասներ պատմել նախարարի հետ երեկվա հանդիպումից խուսափեցին։

Խոսեց միայն փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ Նա զարմացած է Դեմոյանի մեղադրական տոնից ու սպառնալիքներից։ Ասում է, որ նախկին տնօրենը 9 ամիս նա բացակայում էր երկրից, միայն վերջերս է վերադարձել Հայաստան ու կրկին ցանկացել անցնել պաշտոնի․ - «Գործուղման եմ եղել այդ ընթացքում: Ես ինչքան գիտեմ, ինքը եկել է, բացել է տնօրենի կաբինետը, մտել է և առ այսօր էդտեղ ա»:

Տնօրենի պաշտոնին Մանուկյանը չի հավակնում, ասում է, որ հրաժարվել է նաև ժամանակավոր պաշտոնակատար լինելուց։ Ինչ վերաբերում է կռվախնձոր դարձած առանձնասենյակին, ապա դրա դուռն այդպես էլ մեր առջև չբացվեց․ տնօրենի պաշտոնակատարը տեղում չէր, իսկ վարչական հատված լրագրողների մուտքը արգելված էր։

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը պատրաստվում է նոր պաշտոնակատար նշանակել, իսկ հաջորդ շաբաթ կկայանա հոգաբարձուների խորհրդի նիստն ու կորոշվի տնօրենը ընտրության օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG