«Բայց ցուցակներ, էդ ասածը, ծնողների հետ աշխատանքներ... Իմ նպատակը այն է, որ մեր սիրելի, հարգելի ուսուցիչների դերակատարումը հասարակության մեջ և հարգանքը բարձրացնենք, ոնց որ նախկինում եղել է։ Էդ ցուցակների հետ կապված, էդ ճնշումների, իրանց են ճնշել, տենցով արդարանում են, թե ժամանակին մեզ են ճնշել, մենք էլ նրանց ենք ճնշում։ Ոչ մեկին էդ իրավունքը տրված չի», - ասաց Մարգարյանը։
Մարզպետի երկրորդ պահանջը դպրոցական խորհուրդները լուծարելն է, որոնք, ըստ նրա, ձևական բնույթ են կրում, և դրանցում ընդգրկված են հիմնականում տնօրենների ծանոթ-բարեկամները․ - «Հորեղբոր տղան իրա կնոջ հետ, մորքուրի աղջիկը իր ամուսնու հետ: Էս ձևով չի լինելու, ժողովուրդ ջան, ես ձեզ զգուշացնում եմ, ստեղ, իրականում ծիծաղելի ա, որովհետև այ էդ ծիծաղելի իրավիճակում դրել են էն տնօրենները, ովքեր, որ դա արել են ու կա նման բան։ Ուրեմն, վերացնելու ենք էդ ամեն ինչը»։
Հրանտ Մարգարյանը դպրոցների կոնկրետ օրինակներ չնշեց, և տնօրեններից ոմանք անհամաձայնություն հայտնեցին:
«Խնդիրը ոչ թե դպրոցների ձևական խորհուրդներն են, այլ դրանց կառուցվածքը, որտեղ անդամների կեսին նշանակում են մարզպետարանից», - ասաց Ախթալայի թիվ 1 դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը։
Տնօրենները շեշտեցին, որ դպրոցական խորհուրդները երեք տարի ժամկետով ընտրովի մարմիններ են, դրանց ուղղակի լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու համար իրավական կարգավորումներ են պետք․ - «8 հոգիանոց խորհուրդ, սա ի սկզբանե սխալ է։ Այստեղ դեմոկրատիան պահպանված չէ։ 4 հոգի ընտրվում ա, 4 հոգի լիազոր մարմնի կողմից նշանակվում։ Այսինքն, այստեղ ավտորիտար ձևը պահպանվում ա։ Եվ, բնականաբար, լիազորված մարմնի կողմից նշանակված 4 անձնավորությունը կարող են եղանակ փոխել, կլինի 4-4 հարաբերակցություն բոլոր հարցերում, որտեղ կմնա նախարարի կողմից վճիռ կայացնել։ Այսինքն, այստեղ ուղղակիորեն արտահայտվում է պետական ճնշող ապարատի ազդեցությունը»։
Լոռու դպրոցների տնօրենները նաև հարց բարձրացրին՝ կապված գյուղական բնակավայրերում երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ դասարանների մասին։
Նեղոցի դպրոցի տնօրեն Արևիկ Սոսինյանն ասաց, որ վերադասի կողմից դասարանները միավորելու պահանջները խանգարում են իրենց և նպաստում աշակերտների թվի նվազմանը։ Նրա խոսքով, անգամ եթե դպրոցներն ունեն առանձին դասարաններ պահելու հնարավորություն, պարտադրում են, որ առաջին դասարանցին սովորի երկրորդ ու երրորդ, չորրորդը՝ հինգերորդ դասարանցու հետ․ - «Ուսուցումը այդ դասարաններում չի տալիս չի տալիս այն որակը, որ այսօր անհրաժեշտ է այն սանդղակին, որը մենք ձգտում ենք ապահովել։ Ծնողը էդ դեպքում ավելի ճիշտ է համարում իր երեխային թեկուզ մի 10-15 կմ ավել տանել, բայց առանձին դասարանում սովորի, քան փոքր համայնքում երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ դասարանում, ինչից և՛ համայնքն է տուժում, և՛ դպրոցը, և՛ ուսուցումը»։
Մարզպետարանի կրթության վարչությունից պարզաբանեցին, որ «թերբեռնված դասարանները միավորելու նպատակը խնայողություններն են»։
Ախթալայի թիվ 1 դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը հակադարձեց. - «Ի՞նչ է նշանակում խնայողություն։ Պետությունը այսօր դպրոցին ֆինանսավորում է ամենանվազագույն սահմանով, որ այդ նվազագույն քանակով ապահովվի նվազագույն կրթական չափորոշիչը։ Եթե այստեղ էլ դպրոցը խնայողություն է անում, ուրեմն հանցագործություն է կատարում»։
Վերջում մարզպետը լրագրողներից պահանջեց լքել դահլիճը և հանդիպումը շարունակեց դռնփակ ձևաչափով՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցեր է պատրաստվում քննարկել փակ դռների հետևում։
Հանդիպումից հետո տնօրենները նշեցին, թե առանց լրագրողների էական հարցեր չեն քննարկել։