Մատչելիության հղումներ

Երևանում համերգով հանդես կգա Լիաննա Հարությունյանը


Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ հանդես կգա օպերային երգչուհի Լիաննա Հարությունյանը:

Ծրագրում Վերդիի, Ռոսինիի, Պուչինիի և այլ աշխարհահռչակ կոմպոզիտորների օպերային հանրահայտ արիաներ են:

Այս համերգը կազմակերպել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց․ - «Ե՛վ ինձ համար, և՛ փառատոնի համար մեծ պատիվ է հյուրընկալել մեր լավագույն երգչուհիներից մեկին՝ Լիաննա Հարությունյանին, որը պատիվ է բերում աշխարհի բոլոր մեծ բեմերում մեր հայրենիքին, ընդհանրապես հայերին: Աշխարհում հպարտանալու, զորանալու միջոցներից մեկը մեր արվեստն է, որի միջոցով մենք կարողանում ենք խոսել աշխարհի հետ: Սա հասկանալի լեզու է: Մեծ հպարտություն եմ ապրում, որ Լիաննան ամենաանհավանական բեմերն է գրավել և ամենամեծ արտիստների հետ նույն բարձունքի վրա ներկայացնում է հայ մշակույթը ամբողջ աշխարհում»:

22 տարի առաջ՝ 1996 թվականին Երևանի կոնսերվատորիայում ուսանելու ընթացքում Լիաննա Հարությունյանն ընտանիքով բնակության է մեկնում Փարիզ և կրթությունը շարունակում Բաստիլիա օպերայի լիրիկայի ուսուցման կենտրոնում, իսկ հետագայում ուսումը շարունակել է Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում: Այդ ընթացքում երգչուհին հանդես է գալիս մի շարք եվրոպական հայտնի օպերային թատրոններում: 2013 թվականին Հարությունյանն իր առաջնախաղով հանդես է գալիս Քովենտ Գարդեն արքայական թատրոնում, որտեղից էլ նրա ստեղծագործական կյանքում մի նոր փուլ է սկսվում:

Լիաննա Հարությունյանը բազմաթիվ հրավերներ է ստանում լավագույն օպերային թատրոններից, այդ թվում և Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերայից, Սիդնեյի օպերային թատրոնից, մասնակցում է օպերային հանրահայտ փառատոների և գալա համերգների, հանդես է գալիս մենահամերգներով:

«Էսքան տարիներ միշտ հետևել եմ Լիաննա Հարությունյանի հաջողություններին: Ինքը ամենամեծ հաջողությունները ունի: Եվ ինչ է որ ինձ համար շատ արժեքավոր է՝ հիմիկվա դարում շատ երաժիշտներ ենք տեսնում, որ անընդհատ իրենց գովազդով են զբաղված: Ու էսքան տարի, որ նայել եմ Լիաննայի հաջողություններին, ասել եմ՝ այ մարդ, էս աղջիկը սենց հաջողություններ ունի, հեչ ոչ մի բան չի խոսում: Շատ մարդ գիտեմ, որ ասենք Քովենտ Գարդենում երգում ա, բայց Պապանոյի հետ չի երգում: Էս էլ տարբեր աստիճան ա․ Քովենտ Գարդեն հասնելը արդեն մի հատ մեծ բան ա, բայց որ Պապանոն ուզում ա, որ իրա «Դոն Կառլոսի» մեջ հենց Լիաննան լինի, էս արդեն շատ մեծ հաջողություն ա», - ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը:

Լիաննա Հարությունյանը, խոսելով իր ստեղծագործական գործունեության մասին, շեշտում էր, որ անշուշտ բարդ է եղել համաշխարհային երաժշտական ասպարեզում իր տեղը գտնելը, ինքը բարդ ճանապարհ է անցել և հասել որոշակի հաջողությունների․ - «Ինձ համար շատ կարևոր է այս համերգը: Ես հեռացել եմ Հայաստանից ուսանող հասակում և հիմա վերադառնում եմ, և ինձ սպասում են լսել որպես արդեն կայացած երգչուհու: Իհարկե, կայացածը դա շատ լայն հասկացողություն է, մենք երբեք էլ չենք կարող մինչև վերջ կայանալ․ այնքան գործ կա անելու, այնքան հղկելու բան կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG