Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևը, որ վերաբերում է Եվրամիության անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, հրատապ բանաձևը, «վկայակոչելով այս տարի ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը»:
Բանաձևը կարևորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչև Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:
Հիշեցնենք, ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, այս տարվա ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից, փաստաթուղթը վավերացրել են նաև ԵՄ անդամ մի քանի երկրներ: Հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: