Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը. Փաշինյան


«Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը», - կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքի վերաբերյալ այսօր հրավիրած խորհրդակցության ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է խստորեն հետևել օրինականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։

«Այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ամենաշատը քննարկվող թեման է, և այդ ուղղությամբ լուրջ ակտիվություն կա իրավապահ մարմինների ու կառավարության կողմից: Դա բնական է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել ենք կառավարության կարևոր առաջնահերթություններից մեկը: Այս գործընթացի համատեքստում պետք է շատ խստորեն հետևել օրինականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու իրավունքները հարգելուն, որպեսզի իրավապահ մարմինների գործողությունների հետ կապված որևէ այլ մեկնաբանություն չլինի: Մենք երբ Հայաստանում բացել ենք կոռուպցիայի դեմ պայքարի էջը, միևնույն ժամանակ փակել ենք քաղբանտարկյալների և քաղաքական հալածյալների, հնարավոր քաղաքական հալածանքների էջը: Շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների գործողությունները որևէ կերպ այլ մեկնաբանություն ստանալու իրական հիմք չունենան: Շատ կարևոր եմ համարում, որ մենք այս ֆորմատով գանք ընդհանուր հայտարարի և առաջինը՝ համոզված լինենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի պրոցեսը շարունակվելու է, երկրորդը՝ պրոցեսը շարունակվելու է առավել արդյունավետ և այս պրոցեսի ընթացքում երաշխավորվելու են մարդու իրավունքները, օրինականությունն ու ընդհանրապես հանրության շահերը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները։

Ներկաները վարչապետին զեկուցել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG