Մատչելիության հղումներ

Իրանի ազգային տարադրամի կտրուկ արժեզրկումը բողոքի ցույցերի պատճառ է դարձել


Իրան - Ոստիկանությունը արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում է ցուցարարներին, Թեհրան, 25-ը հունիսի, 2018թ․
Իրան - Ոստիկանությունը արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում է ցուցարարներին, Թեհրան, 25-ը հունիսի, 2018թ․

Թեհրանի ոստիկանությունը երեկ արցունքաբեր գազի կիրառմամբ ցրեց քաղաքի կենտրոնում հավաքված մի քանի հազար ցուցարարներին, որոնք բողոքում էին երկրում օրեցօր վատթարացող տնտեսական կացության և կառավարության որդեգրած անարդյունավետ քաղաքականության դեմ:

Բողոքի ակցիաները սկիզբ առան Իրանի մայրաքաղաքի տնտեսական սիրտը համարվող «Մեծ շուկայում»: Առևտրականների մեծ մասը փակել էր խանութները և շարժվել դեպի Իրանի խորհրդարանի շենքը, որին հարող փողոցներում էլ նրանց դիմավորեցին ոստիկանության հատուկ ջոկատները: Իրանական աղբյուրների պնդմամբ՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած ցույցերը տնտեսական պատճառներով ծագած ամենամարդաշատ բողոքի ակցիաներն էին 2012 թվականից ի վեր:

Բջջային հեռախոսներով արված տեսագրություններից պարզ է դառնում, որ երեկվա բողոքի ակցիայի մասնակիցները միայն տնտեսական պահանջներով չէին բավարարվում: Ամենահաճախ հնչող վանկարկումներից մեկը սիրիական պատերազմին Իրանի մասնակցության մասին էր: «Հանգի՛ստ թողեք Սիրիան, զբաղվեք ձեր երկրո՛վ», - վանկարկում էին ցուցարարները:

Թեհրանցի առևտրականների շրջանում դժգոհությունների կտրուկ աճն արձանագրվեց այն բանից հետո, երբ ազգային տարադրամը` ռիալը, մեկ օրում արժեզրկվեց 10 տոկոսով: Այսօր ամերիկյան մեկ դոլարը Թեհրանում գնում են 90 հազար ռիալով: Ընդամենը երեք ամիս առաջ ռիալի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ 65 հազար էր, իսկ 2017-ի տարեվերջին` 42 հազար:

Արևմտյան տնտեսագետները նկատում են, որ ազգային արժույթի կտրուկ անկման գլխավոր պատճառը 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների հրաժարումն է: Օգոստոսին արդեն Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները կրկին ուժի մեջ կմտնեն, ինչն էլ իր հերթին, իրանցի գործարար շրջանակների համոզմամբ, անխուսափելիորեն վատթարացնելու է իսլամական հանրապետության առանց այդ էլ ծանր տնտեսական կացությունը:

Ուշագրավ է, որ Թեհրանում ծավալված բողոքի գործողություններից բառացիորեն մեկ օր առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել էր թեհրանցի առաջատար գործարարների հետ` նշելով, որ միջուկային համաձայնագրի վերջնական տապալումը կարող է լուրջ ներքին ճգնաժամի հանգեցնել:

«Մենք պետք է հստակորեն գիտակցենք, որ միջուկային համաձայնագրի չեղարկումը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Իրանը կարող է նաև քաղաքական մեկուսացման մեջ հայտնվել», - հայտարարում էր Զարիֆը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ևս այսօր անդրադարձավ երկրում ստեղծված կացությանը: Իրանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված ելույթում իսլամական հանրապետության նախագահը պնդում էր, որ Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը երկրի բնակչության շրջանում հուսահատական տրամադրություններ և բարոյալքման զգացում տարածելու նպատակ ունի:

«Արդյո՞ք մենք թույլ կտանք, որ Ամերիկան` հոգեբանական, տնտեսական ու քաղաքական լծակները, մի շարք այլ մեթոդները օգտագործելով կոտրի մեր ժողովրդին: Մեր հպարտ ժողովրդին, որն իր պատմության ողջ ընթացքում դիմադրել է և պատրաստ է եղել իր կյանքը զոհել հանուն իսլամի և Իրանի», - հայտարարում էր Ռոհանին:

Նրա համոզմամբ, սակայն, չեղարկելով Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը՝ Վաշինգտոնը նախևառաջ իր սեփական դիրքերն է թուլացնում միջազգային ասպարեզում:

«Ողջ աշխարհն է այսօր համաձայն, որ Ամերիկան խախտել և ոտնահարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հակադրվել է միջազգային համաձայնագրերին: Մեր երկրի հետ հակամարտության պատճառով ամերիկացիներն արդեն իսկ բավական լուրջ գին են վճարել», - ասում էր Հասան Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG