Ադրբեջանի Գերագույն դատարանը հաստատել է կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ, բլոգեր Մեհման Հուսեյնովի երկու տարվա ազատազրկման դատավճիռը:
Զրպարտության մեղադրանքով անցյալ տարի դատապարտված Հուսեյնովը երեկ հրաժարվել է մասնակցել դատական նիստին: Նա հերքում է մեղադրանքը և պնդում, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում:
Իրավապահները գործը հարուցել են այն բանից հետո, երբ 2017 թվականին բլոգերը հայտարարել է, թե ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկվել և պահանջել են դադարեցնել հակակոռուպցիոն ակտիվությունը:
2016-17 թվականներին բլոգերը հրապարակել է կառավարության պաշտոնյաներին և օրենսդիրներին պատկանող շքեղ առանձնատների լուսանկարները:
Իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դատապարտում են շինծու գործերով մամուլի աշխատակիցներին ահաբեկելու և լռեցնելու փորձերի համար:
Հուսեյնովի փաստաբանները հայտնել են, որ իրենց պաշտպանյալի հարցով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: