Մատչելիության հղումներ

Հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ Սենատում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ


Միացյալ Նահանգների Սենատում այսօր ուշ երեկոյան կանցկացվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին կմասնակցի նաև նախագահ Արմեն Սարգսյանը:

Ամերիկահայ կազմակերպությունների նախաձեռնությամբ, Կոնգրեսի ամենահայտնի սրահներից մեկում կբացվի Հայաստանի Առաջին Հանրապետության մասին պատմող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արվեստի նմուշների ու գորգեր:

Հաջորդ օրը Վաշինգտոնի կենտրոնում՝ հայտնի The National Mall զբոսավայրում, կմեկնարկի Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա Folklife փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին ու Կատալոնիային:

Հեղինակավոր այդ փառատոնն անցկացվում է 1967 թվականից և ամեն տարի առանձնացնում այն ազգերին ու էթնիկ խմբերին, որ պահպանել ու հիմա էլ հավատարիմ են իրենց ավանդույթներին ու մշակութային ժառանգությանը։

Հայկական կենցաղը, պատմությունն ու ավանդույթները ներկայացնելու համար Հայաստանից ու սփյուռքից Վաշինգտոն են մեկնել շուրջ 170 արհեստագործներ, դիզայներներ, գինեգործներ ու խոհարարներ, որոնց օգնությամբ փառատոնի այցելուները կարող են հայկական ճաշատեսակներ ու գինի համտեսել, սեփական ձեռքերով խաչքար փորագրել ու կարպետ գործել։

Հատուկ այս առիթով Վաշինգտոնի կենտրոնական պուրակում նաև թոնիր է տեղադրվելու՝ հայկական լավաշ թխելու համար: «Հայաստանն ընդամենը մի փոքրիկ երկիր է Կովկասում, բայց միաժամանակ՝ համաշխարհային քաղաքակրթության սկզբնաղբյուրներից մեկը՝ Եգիպտոսին, Հունաստանին ու Իտալիային հավասար», - Սմիթսոնյանի կայքում գրել է Հայաստանում Նահանգների նախկին փոխդեսպան Մայքլ Գֆոլլերը՝ հավելելով. - «Ցանկացած մեկը, հաց թխելիս կամ ուտելիս, գինի ճաշակելիս կամ թորելիս, զարդ կրելիս կամ կոշիկ հագնելիս անտեսանելի թելերով կապվում է Հայաստանի մշակութային ժառանգության հետ, և այս առումով, ինչ-որ տեղ բոլորս էլ հայ ենք»:

Ի դեպ, Հայաստանը կովկասյան առաջին երկիրն է, որ մասնակցոմ է այս հեղինակավոր փառատոնին: «Մեր ծրագրի անվանումն է «Հայաստան՝ տուն», և մենք ցանկանում ենք, որ այցելուները զգան մշակույթի սերտ կապը հայկական տան, օջախի հետ, տեսնեն՝ որքան կարևոր է հայի համար հյուրեր ընդունել, զգան հայերի հյուրասիրություն ու մեծահոգությունը», - «Ամերիկայի Ձայն»-ին ասել է փառատոնի պատասխանատու Հեյլի Բաթվինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG