Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի առաջին երկու զույգերը՝ հունիսի 30-ին կհանդիպեն Ուրուգվայի և Պորտուգալիայի, հուլիսի 1-ին՝ Իսպանիայի և Ռուսաստանի հավաքականները:
Խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում երեկ Ուրուգվայը 3:0 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ: Նույնպես A խմբում հանդես եկող Սաուդյան Արաբիայի թիմը 2:1 հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն: Մրցաշարային աղյուսակը հնարավոր առավելագույն՝ 9 միավորով գլխավորեց Ուրուգվայի հավաքականը, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է՝ 6 միավորով, երրորդը՝ Սաուդյան Արաբիան՝ 3 միավորով, և աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը՝ 0 միավորով:
B խմբում Պորտուգալիա-Իրան և Իսպանիա-Մարոկո հանդիպումները ավարտվեցին ոչ-ոքի՝ համապատասխանաբար 1:1 և 2:2 հաշիվներով: Արդյունքում, 5-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերում են, համապատասխանաբար, Իսպանիան և Պորտուգալիան, երրորդը Իրանն է՝ 4 միավորով, աղյուսակը 1 միավորով եզրափակում է Մարոկոն:
Այսօր վերջին հանդիպումները կկայանան C և D խմբերում՝ Ավստրալիա-Պերու ևԴանիա-Ֆրանսիա, Նիգերիա-Արգենտինա և Իսլանդիա-Խորվաթիա: С խմբից իր մասնակցությունը փլեյօֆին արդեն իսկ ապահովել է Ֆրանսիայի հավաքականը, D խմբից՝ Խորվաթիայի թիմը: