Ամառային զորակոչին ընդառաջ, Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն:
Ըստ հաղորդագրության, միջոցառումը ձեռնարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը:
«Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով», - ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը նաև նշում է, որ ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները: