Ավստրիական մամուլը երեկ գրել է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հանդիպելու են Վիեննայում հուլիսի 15-ին:
Կրեմլը այս տեղեկությունը առայժմ չի հաստատել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ ասել է, որ դեռ որևէ տեղեկություն չի կարող հայտնել լրագրողներին: Ավելի վաղ նա ասել էր նաև, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Վիեննան որպես հանդիպման հնարավոր վայր:
Կիրակի օրը ավստրիական մամուլը գրել է, որ արդեն Վիեննայում են երկու երկրների նախագահների թիմերն ու անվտանգության ծառայությունները:
Հուլիսի 1-ից Ավստրիան ստանձնում է նախագահությունը Եվրամիությունում: Պաշտոնական Վիեննան արդեն հայտարարել է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ Ռուսաստանը Եվրոպայի մի մասն է:
Բրիտանական The Guardian-ը այս առիթով գրել է, որ Ռուսաստանը վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու դաշնակից Եվրամիությունում՝ Ավստրիան և Իտալիան: Այդ երկրների նոր կառավարությունները չեն թաքցնում իրենց լավ վերաբերմունքը Պուտինի նկատմամբ, նշում է բրիտանական պարբերականը:
Վերադառնանք, սակայն, հնարավոր հանդիպմանը Ավստրիայի մայրաքաղաքում: Դեռևս հունիսի 8-ին Սպիտակ տունը հաստատել է, որ Վիեննան պատրաստ է կազմակերպել Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հանդիպում, սակայն հստակ օրը դեռ որոշված չէ:
Արևմտյան մամուլի համաձայն՝ Ռուսաստանի նախագահը դիմել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Վիեննայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով, և Կուրցը պատրաստակամությամբ համաձայնել է:
Հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին, ի դեպ, հնարավոր է՝ ներկա լինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թրամփը Եվրոպա է այցելում հենց այդ գագաթնաժողովին մասնակցելու համար, իսկ հուլիսի 13-ին՝ գագաթնաժողովից անմիջապես հետո, ԱՄՆ նախագահը այցելելու է Մեծ Բրիտանիա:
Բրիտանական մամուլը նախօրեին գրել է, թե պաշտոնական Լոնդոնի համար չափազանց կարևոր է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, քանի որ գագաթնաժողովին քննարկվելու են Ռուսաստանի ագրեսիան զսպելու հետ կապված հարցեր: