Թուրքիայում քվեատուփերի 79 տոկոսի ձայների հաշվարկի համաձայն, նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների ձևավորած «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 54․3 տոկոսը, Էրդողանի գլխավոր մրցակիցը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից առաջադրված Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 29․9 տոկոսը, «Լավ» կուսակցության նախագահի թեկնածու Մերալ Աքշեները՝ 7․5, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Սելահաթթին Դեմիրթաշը՝ 7․2, «Երջնկություն» կուսակցությունից՝ Թեմել Քարամոլլաօղլուն 0․91, իսկ «Հայրենիք» կուսակցությունից Դողու Փերինչեքը ձայների 0․2 տոկոսը:
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, պատկերը հետևյալն է՝ ժամը 22։00-ի դրությամբ բացվել է քվեատուփերի 74 տոկոսը: Ըստ այդմ, «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների «Ժողովրդական դաշինք»-ը ստացել է ընտրողների ձայների 55․6 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Լավ», «Երջանկություն» կուսակցությունների միասնական «Ազգային դաշինք»-ը` 33 տոկոսը, Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ստացել է 10․2 տոկոս` հաղթահարելով նախընտրական շեմը: «Հայրենիք» և «Ազատ գործ» կուսակցությունները միասին 1․3 տոկոս քվե ունեն:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ընդհանուր առմամբ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են ընտրություններին:
Նշենք, որ քվեարկելու իրավունք ունեն 59 մլն քաղաքացի, որոնցից 56 մլն ապրում է Թուրքիայում, իսկ մյուսները արտերկրում, որոնք քվերակելու հնարավորություն են ունեցել հունիսի 7-ից սկսած:
Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, վերջին չորս ընտրությունների համեմատությամբ այսօրվա քվեարկությունն ընդհանուր առմամբ ամենից խաղաղն է ընթացել: Այնուհանդերձ, ընդդիմադիր լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բազմաթիվ հաղորդումներ ու տեսանյութեր են տարածվել ընտրախախտումների, ընտրակեղծիքների, կրկնաքվեարկությունների, իշխանությունների կողմից վարչական լծակների գործադրման և հակառակորդ ուժերի առաջկիցների միջև բախումների մասին:
Էրզրումի նահանգի Քարաչոբան քաղաքի ընտրատեղամասում երկու ընտանիքի միջև ծագած զինված բախման արդյունքում 2 հոգի մահացել է, 3-ը վիրավորվել։ Մահացածներից մեկը ընդդիմադիր «Լավ» կուսակցության տեղական մասնաճյուղի ղեկավարն է:
Աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել նաև Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում, որտեղ ընտրատեղամասի մոտակայքում կայանած մեքենայի մեջ արդեն կնքված ընտրաթերթիկներով լի չորս պարկ է հայտնաբերվել:
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկվել, 4 հոգի ձերբակալվել է: Այս ընտրությունների արդյունքները բախտորոշ նշանակություն ունեն Թուրքիայի համար, քանի որ դրանցով է պայմանավորվելու, թե արդյոք Թայիփ Էրդողանին և նրա քաղաքական հենարանը հանդիսացող Արդարություն և զարգացում կուսակցությունը կկարողանա պահպանել գերիշխող դիրքը և մեծամասնություն կազմել խորհրդարանում:
Սոցիալական հարցումների ու փորձագիտական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ նախագահ Էրդողանին ու նրա կուսակցությանը, ամենայն հավանականությամբ, կհաջողվի հաղթել այս ընտրություններում: