Մատչելիության հղումներ

Հայտարարագրերը պետք է միջոց լինեն պարզելու կոռուպցիոն հանցագործությունները․ Վարուժան Հոկտանյան


Հայաստանում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ կասկածյալներ դեռևս չկան։ Քննչական կոմիտեն երեկ երեկոյան հաղորդեց, որ խուզարկություններ է իրականացրել «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, Սելենայի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։

«Խուզարկության արդյունքում Ռ.Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է 35 միլիոն դրամ, 1 միլիոն 110 հազար 400 դոլար, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2 հազար դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ»,-հաղորդում է Քննչական կոմիտեն։

Քննչական մարմինը նշում է, որ Ռ. Բեգլարյանի ամուսինը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, և ըստ այդմ, պարտավոր էր հայտարարագրել գույքն ու եկամուտները։ Մինչդեռ իրավապահների հայտնաբերած խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի մասին տեղեկություններ ամուսինների հայտարարագրերում չկան։ Խոսքը Պետական պահպանության ծառայության պետի արդեն նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա տիկնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի մասին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ղազարյանը մայիսի 21-ին ազատվել է պաշտոնից։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ սա առաջին քրեական գործն է, որ հարուցվում է եկամուտները ապօրինի թաքցնելու դեպքի առիթով։

«Առաջին հերթին, հայտարարագրման պատասխանատուն հենց պաշտոնատար անձն է», - ասում է Սիրանույշ Սահակյանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի խոսքով, դրամական միջոցների ապօրինի թաքցնելու հարցում կարևոր դեր ունեն քննչական մարմինները, որոնց հանձնաժողովը կարող է աջակցել։ Հարցին, թե ինչու իրենք ժամանակին չեն դիմել իրավապահներին՝ այս բացահայտումն անելու համար, ասաց, որ հիմնավոր կասկածներ չունեին․ - «Մենք հենվում ենք ներկայացված տվյալի վրա, քանի դեռ չի բացահայտվել նոր տվյալ, որը կհակասի նախորդ տվյալին»:

Հարցին, թե արդյո՞ք իր ղեկավարած հանձնաժողովը կաշկանդված չի եղել այն հանգամանքով, որ Ղազարյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկարամյա աշխատակիցն էր, Սահակյանն պատասխանեց․ - «Ձեր հարցի հասցեատերը քննչական մարմիններն են, կարող եք իրենցից ճշտել: Մենք չենք գտել և չէինք էլ կարող գտնել, որովհետև տվյալը հնարավոր է եղել բացահայտել, որովհետև կատարել են խուզարկություն»:

«Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Ազատության» հետ զրույցում ևս ընդգծեց, որ սա առաջին դեպքն է, երբ քրեական գործ է հարուցվում ապօրինի հարստացման դեպքի առիթով, երբ բարձրաստիճան պաշտոնյան խուսափել է հայտարարագրել իր եկամուտները։ Հոկտանյանը պնդում է՝ այս բացահայտումը կապված է նոր իշխանությունների հետ։ Նախկինները քաղաքական կամք չունեին նման բացահայտումներ անելու, հատկապես՝ Սերժ Սարգսյանի աշխատակցի վերաբերյալ։ Ավելին՝ Հոկտանյանը կարծում է, որ հենց Սերժ Սարգսյանն է ներգրավված եղել այս ունեցվածքի կուտակման մեջ: «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարն ասում է՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, թեև գործիքներ չունի նման բացահայտումներ անելու, բայց կասկածելի հարցերի դեպքում կարող էր դիմել իրավապահներին։ Հատկապես, երբ մամուլում նաև Վաչագան Ղազարյանի ունեցվածքի մասին հրապարակումներ են եղել․ - «Օրինակ՝ մենք մի քանի անգամ, երբ որ [հանձնաժողովը] նոր էր ստեղծվել՝ 2012-13, նույնիսկ 2014 թվին մի քանի անգամ դիմեցինք, որ այսպիսի հրապարակում է եղել նույն Տարոն Մարգարյանի, Գագիկ Խաչատրյանի հաշվով: Իրենք գտան, որ այնտեղ շահերի բախում չկա»:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով, հայտարարագրերը պետք է միջոց լինեն պարզելու կոռուպցիոն հանցագործությունները և լավ կլինի, որ նոր իշխանությունները Վաչագան Ղազարյանի դեպքում նաև ուսումնասիրեն՝ թե որոնք են նրա հարստացման աղբյուրները։

Այսօր «Ազատության» այցելության պահին «Յանս» ակումբը շարունակում էր գործունեությունը, սակայն ղեկավարի հետ զրուցել չհաջողվեց, աշխատակիցները փոխանցեցին, որ նա տեղում չէր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG