Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը դեռ մեկ տարի առաջ հպարտանում էր, որ գյուղն ամենաշատ հանրապետական ունեցողն է։ Համագյուղացիներին ինքն էր հորդորել իշխող ուժի շարքերն անդամագրվել ու կուսակցական տոմսեր էր բաժանել։ Հիմա պնդում է՝ Հանրապետականից իրեն հալածել են, խոստումներն էլ չեն կատարել։
«Ազատության» հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էր ողջ գյուղին հանրապետական դարձնում, պատասխանեց. ֊ «Ասի՝ մարդ կըլեն, էլի։ Խոսկերքին տալիս՝ էս տենք անիլ, էն տենք անիլ։ Մենք էլ անում էինք»։
Մարտիրոսյանի խոսքով՝ փոխարենն ինքն է գյուղի ղեկավարման տասը տարիների ընթացքում բոլոր խոստումները կատարել։ Ազատամուտի խնդիրները լուծելու համար սեփական գրպանից է գումար հատկացրել։ Գյուղացիները հակառակն են պնդում՝ Մարտիրոսյանը բյուջեյում եղած գումարներ է յուրացրել, գյուղապետարանում աշխատանքի տեղավորել ու օգնություններ բաժանել իր ընտանքի անդամներին ու մտերիմներին։
«Շատ էլ իմ աղջիկնա, նա իրավունք չունի՞ աշխատի, նա հաց ուտելու իրավունք չունի՞, իրեք էրեխի տերա», ֊ հակադարձում է գյուղապետը։
Գյուղացիներն ասում են Ազատամուտում վախի մթնոլորտ կա․ իր ասածով չքվեարկելու համար գյուղապետը շատերի հետ է թշնամացել։
702 գրանցված հանրապետական ունեցող գյուղում այսօր դժվար է գտնել մեկին, ով կասի, թե այս կուսակցության անդամ է։ Նիկոլական ենք՝ ասում են ազատամուտցիները։
Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն էլ է որոշել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվել ու առաջիկա ընտրություններին հենց այս ուժի համար ձայներ ապահովել։ «Ազատության» հարցին՝ այսինքն, ով իշխանության լինի, նրա կողմն էլ անցնելո՞ւ է, գյուղապետը պատասխանում է. ֊ «Չէ, դա իշխանություն չի, դա արդարությունա։ Էս մարդը, որ էսքան կազմակերպեց, արավ՝ ես էլ եմ մասնակից լել, է՜»։
Թե՛ այս, թե՛ նախկին ավագանին գյուղապետին հեռացնելու նպատակով մոտ 2 տարի բոյկոտել է նիստերը։ Դա, սակայն, գյուղապետին չի խանգարել աշխատել, պնդում է՝ ամեն ինչ օրենքի շրջանակներում է արել։
Մարտին ընտրված ավագանին հունիսին որոշել էր մասնակցել նիստին կանոնակարգ հաստատելու և հետագայում Մարտիրոսյանին անվստահություն հայտնելու համար։ Միակ նիստը, սակայն, լարված մթնոլորտում անցավ, քանի որ գյուղապետը հրաժարվում էր կարդալ ավագանու կանոնակարգը, պատճառաբանելով, թե ռուսական կրթություն ունի։
Կրթությանը համապատասխան գյուղապետը իրավիճակը բնորոշող ռուսերեն մի ասացվածք է հիշում. ֊ «Ռուսն ասըմա՝ «սլիշնա գոլըս», տենցա ասըմ, «նիզնայիտ գձե օն ի զվոն»։ Ասըմա՝ չեն իմանըմ էդ ինչա ու իրանք խառնվել են»։