Նախկինում ամսական 35 հազար դրամի փոխարեն տնօրինությունը տաղավարների վարձակալության համար հունվարից պահանջում է 50 հազար դրամ: Իսկ այս ամսվանից զեղչ է արել և հիմա պահանջում է 40 հազար դրամ:
«Կմտածեք, թե 5 հազար դրամի համար ենք խոսում, բայց իրականում 5 հազար դրամը չի հարցը: Պետք չի բարձրացնել 50-ի, իջեցնել 40-ի», - ասաց բողոքավորներից Մինաս Աբաջյանը։
«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ տարիներ շարունակ նույն վարձն է պահանջել սեղանիկների համար, հիմա որոշել է թանկացնել:
«Չեն ուզում, թող այստեղ չաշխատեն», - ասում է Աբրահամյանը: - «Հավերժ պետք ա աշխատե՞նք մենք: 28 տարի աշխատել եք, հիմա էլ գնացեք կողքը աշխատեք: Պարտադի՞ր ա ստեղ աշխատեք, դուք մեր աշխատողը չեք: Տարածք եք վարձակալել՝ վճարեք: Մենք պե՞տք ա մաքուր պահենք, պե՞տք ա հով պահենք, պե՞տք ա տաքացնենք ձմեռը, անվտանգություն պիտի՞ ապահովենք․․․ հազար հատ հոգսեր կա․․․ Անում ենք, չի բավարարում»:
Ոսկու վաճառքով զբաղվողները հակադարձում են, թե տնօրինությունը վարձավճարը բարձրացրել է՝ առանց պայմանները բարելավելու: Պնդում են, որ աշխատանքային տարրական պայմաններն ապահովված չեն․ - «Նստած եմ ստեղ, էսքան նեղ տեղը: Մարդիկ գալիս են, հոսքը գալիս ա, իրար հրմշտում են, իջնում են ներքև: Առհասարակ առևտուր չի լինում ստեղ: Կոնդիցիոներները հարյուր տարվա ա, չի աշխատում»:
Աշխատակիցները հավաստիացրեցին, որ բողոքը ներկայացրել են տնօրենին, սակայն ոչ միայն հարցը չի լուծվել, այլև վիրավորել է իրենց:
«Մի ամբողջ օր ես չքնեցի մեր տնօրենի ցածր մակարդակի հարձակումից, որ էկավ գործեց մեր վրա, կանանց վրա էս տեղի պատճառներով: Ասեց՝ հելեք ռադ էղեք ստեղից», - պատմեց մի կին:
Վաղարշ Աբրահամյանը, մինչդեռ, ասում է, որ զիջումների տեղ այլևս չունի, առանց այդ էլ Կառավարության անդամների հորդորով է վարձավճարը 50 հազարից իջեցրել 40-ի:
«Ազատության» հարցին՝ եթե 40 հազար վարձավճարի դեպքում կարողանում է ապահովել աշխատանքային պայմանները, արդյո՞ք 50 հազարի դեպքում ինքը գերշահույթ է ստանալու, Աբրահամյանը պատասխանեց․ - «Ես իրավունք ունեմ գերշահույթ ստանալու, ես մասնավոր ընկերություն եմ, հարկ եմ տալիս այդտեղից: Մեկ։ Երկրորդը՝ չեմ ստացել»:
Աբրահամյանը կարծիք հայտնեց, թե ցուցարարներին ուղղորդող կա, սակայն հրաժարվեց ասել, թե ում նկատի ունի․ - «Դարձավ 40 հազար, դե 40 հազարը գոնե վճարեք: Իրանք ասում են՝ չէ, 35: Հիմա պրինցիպ ա․ ուզո՞ւմ եք ես համաձայնեմ 35 հազարին, իրենք կասեն՝ չէ, 28․․․ մի բան կասեն անպայման: Ես սա ուղղորդում եմ համարում: Կոնկրետ չեմ կարա ասեմ [ում կողմից], որովհետև փաստեր պետք ա լինեն ասելու համար»:
Բողոքը ոչ միայն առևտրի կենտրոնի տնօրինությանն է ուղղված, այլև քաղաքապետարանին, որին լիցենզիայի համար տարեկան 50 հազար դրամ են մուծում: Այս վճարը չեղարկելուն, ի դեպ, կողմ էր նաև տնօրեն Աբրահամյանը․ - «Թանկարժեք մետաղների առևտրով են զբաղվում, պետք է տարեկան 50 հազար վճարեն: Իսկ մնացած ինչով ասես զբաղվեն, պետք ա չվճարեն: Ի՞նչ տարբերություն: Թանկարժեք մետաղը նարկոտիկ ա, ինչ ա․․․ Ամենաքիչ եկամտաբերությունը ոսկու մեջ ա»:
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը հիշում է մոտ 4 տարի առաջ շուկայում կատարված ստուգումները, որի ժամանակ բազմաթիվ խախտումներ էին արձանագրվել․ - «Ցավոք սրտի, տուգանքը վճարեց, բայց իրավիճակի մասով գրեթե ոչ մի բան չի փոխվել: Այն, որ ըստ էության ոչ թե տնօրինությունը, այլ պայմանները ընդհանուր․․․ մի կողմից աշխատողի իրավունքն ա ոտնահարվում, մյուս կողմից սպառողի իրավունքն ա ոտնահարվում: Ստեղ կոմպլեքս խնդիր կա լուծելու»:
Ի դեպ, ցույցին ներկա կանանցից մեկը, որը բողոքում էր միայն քաղաքապետարանից և հորդորում լրագրողներին այլևս չզրուցել մյուս ցուցարարների հետ ու հեռանալ տարածքից, նկարահանման ավարտին սկսեց սպառնալիքներ հնչեցնել «Ազատության» թիմի հասցեին և հարվածներ հասցնել խոսափողին: