Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված սերժանտ Ռոբերտ Աբրահամյանի մարմնի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նախքան զոհվելը նա 3 օր ոչինչ չէր կերել։ Այս մասին հայտարարում է սերժանտի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը: ԱԱԾ-ի կողմից գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում զինվորների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդի հայտնաբերման առնչությամբ նա «Ազատության» հետ զրույցում ասաց․
«Նա իր արջերին էր կերակրում, իսկ մեր երեխաները սոված էին, դատարկ ստամոքսով: Ինձ համար էնքան ցավալի ա դա, որ իմ երեխան երեք օր սոված ա եղել: Ես կարամ թղթերը բերեմ, որ նա երեք օր հաց չի կերել: Գոնե կուշտ լիներ, դիմադրեր էդ ցավին, ողջ կմնար, իմ կողքին կլիներ: Հիմա նրանց նմաններն ապրում են, իսկ մեր երեխաները չկան»,- հուզված պատմում է զոհված զինվորի հայրը:
Ռոբերտ Աբրահամյանի հոր խոսքով՝ բանակի թալանի մասին իրենք դեռ 2016-ի ապրիլից գիտեին։ Եվ եթե ինքը, բնակվելով Արարատի Մարզի Տափերական գյուղում, տեղյակ է եղել այդ մասին, ուրեմն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները «հաստատ տեղյակ էին»։ «Եղել են մարդիկ, որ անձամբ ինձ են ասել՝ էդ օգնությունը տարել են, որ անձամբ հասցնեն զինվորին, բայց Մանվել Գրիգորյանն ասել ա՝ բերեք ինձ մոտ պահեստավորեք»,- ասում է Աբրահամ Աբրահամյանը:
Էջմիածնի մերձակա՝ Ապագա գյուղում է բնակվում քառօրյա պատերազմի ժամանակ զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքը։ Մայրը՝ տիկին Մարգարիտան ցավով է ասում՝ իրենցից մի քանի կիլոմետր այն կողմ գեներալ Մանվել Գրիգորյանի կենդանիներին ավելի մեծ ուշադրություն է դարձվել, քան իրենց։ «Մանվել Գրիգորյանը երկու տարվա ընթացքում չի այցելել տեսնելու՝ կապիտանի որդիներն ինչպե՞ս են ապրում»,- ասում է զոհված կապիտանի մայրը:
Գեներալի տանը հայտնաբերված «Զինվորի բաժին» նշագրմամբ սնունդը, որն, ըստ իրավապահների, այդպես էլ տեղ չէր հասել, Կիրակոսյանի մորն ավելի շատ բարոյական ցավ է պատճառել․ «Երբ երրորդ դասարանի երեխան նամակ ա գրում ու դիմում ա զինվորին․․․ ո՞նց կարելի է ա թալանել բանակը: Բա էս տղաներն ինչի՞ համար գնացին․․․»:
Զոհված կապիտանի կինը և երկու մանկահասակ որդիներն ապրում են հայրական մեծ ընտանիքի հետ։ Ընտանիքը մինչ օրս սպասում է, որ պետությունն իրենց տուն կհատկացնի: «4 միլիոն 316 հազար դրամ գումար են հատկացրել, դրանով ի՞նչ բնակարան»,- տարակուսում է տիկին Մարգարիտան:
Կապիտանի կինը՝ Մարիամն աշխատում է, նա մի նպատակ ունի՝ երեխաներին ապահովել բնակարանով։ Մարիամի պահանջը մեկն է․ «Պետք է ինքը [Մանվել Գրիգորյանը] զրկվի հերոսի կոչումից: Հերոսն իրենք չէն: Թալանչին չի կարող հերոս կոչվել»:
Արարատի մարզի Վեդի քաղաքից էր շարքային Անդրանիկ Զոհրաբյանը։ Նա զոհվել է կապիտան Արմենակ Ուրֆանյանի հետ։ Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանն ասում է՝ վերջին բացահայտումներից պարզ դարձավ, որ իրենցից գողացվել է որդիների ողջ մնալու հնարավորությունը։ «Ինձ համար, բոլոր ծնողների համար, համոզված եմ, սա միայն մի բնութագրում ունի՝ դավաճանություն»,- ասում է Ատոմ Զոհրաբյանը: