Մատչելիության հղումներ

«Մի անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են». Առաքել Մովսիսյանն՝ ԱԱԾ գործողությունների մասին


«Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից: Նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել», - ասում է նախկին ՀՀԿ-ական պատգամավորը:

Անցած գիշերը մի քանի ժամ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո ազատ արձակված նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրավապահները հարցաքննել են իրեն զենքի հետ կապված հարցերի շուրջ։

«Այլ բան չէր կարա լիներ, որովհետև ես կյանքում ճիշտ եմ ապրել: Ընդամենը էդ անունը որ կպել ա ինձ՝ Շմայս, դա պատմության կլիչկա ա․․․ Որ Սմոլենսկից «Շմայսեր» ավտոմատ էինք 88 թվին, 89 թվին բերել, պոզիվնոյս մնացել ա «Շմայս», բայց դա կլիչկա չի», - ասաց Մովսիսյանը:

Երեկ ԱԱԾ-ն հաղորդեց, որ որոշակի գործողություններ է իրականացրել Այգեկ գյուղում Մովսիսյանին պատկանող առանձնատանը։ ԱԱԾ-ն դեռևս չի հաղորդում, թե մասնավորապես ինչ գործի շրջանակներում են կատարվել այդ գործողությունները և ինչ են փնտրել Առաքել Մովսիսյանի տանը։

ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն՝ մանրամասնելով նաև, թե ինչու են ազատ արձակել Առաքել Մովսիսյանին։

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգմավոր կարծիքով, անվտանգության ծառայության ներկայացուցիչներն իր տանը զենք են փնտրել։ Եվ ինքը, որպես պատերազմի մասնակից, դրանք ինքնակամ հանձնել էր իրավապահներին:

Սա է պատճառը, ըստ Մովսիսյանի, որ իրեն ազատ են արձակել․ - «Բոլորը իրանք տարել են ստուգելու: Ամբողջը՝ դակումենտներով: Ինչ էլ եղել ա, ես բոլորը հանձնել եմ իրանց, ոչ մի միավոր չեմ թողել»:

Նա շեշտեց, թե անօրինական զենք չունի․ - «Ես օրինականից բացի, ինչ որ ունեցել եմ, կամավոր տարել եմ հանձնել եմ: Ես ինչքան գիտեմ, օրենքի տառին համապատասխան հոդված կա, որ կամավոր եթե տանում ես, հանձնում ես, մանավանդ ես պատերազմի մասնակից էլ եմ, ձև չկար, որ չունենայի․․․ Դա գրված ա էնտեղ, որ եթե կամավոր հանձնում ես, զենքերն էլ մաքուր են, թուրքի զենքեր են, տրոֆեյ են, ուրեմն ազատվում ես պատասխանատվությունից»:

Մանրամասնելով անվտանգության ծառայության ներկայացուցիչների երեկվա գործողություններն իր տանը՝ ՀՀԿ նախկին պատգամավորն ասաց, որ ինքը տանը չի եղել․ - «Օրենքի տառին համապատասխան Ազգային անվտանգությունը ներխուժեց իրանց ամեն ինչով մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով: Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաև չի վախեցել տանը։ Հարցրել են աղջկաս՝ «զենք կա՞ տանը», ասել է՝ «այո՝ հենա սեյֆի մեջ դրած»», - ասաց Մովսիսյանը՝ շարունակելով. - «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել, իմ ողորմածիկ եղբոր տանը բերին զենք գցին, թուղթ գցին․․․»

«Շմայս» մականվամբ հայտնի Առաքել Մովսիսյանը նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի ազդեցիկ անձանցից էր, ով 2012-2017 թվականներին ընտրվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր։ Նա առավելապես հայտնի դարձավ ընդդիմադիրների եւ լրագրողների հասցեին արած իր վիրավորական արտահայտություններով։ Մասնավորապես, 2015-ին հայտարարել էր, թե կբռնաբարի նրան, ով կհամարձակվի քննադատել այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Նա նաև հայտնի էր իր վիրավորական արտահայտություններով նրանց հասցեին, ովքեր քննադատում էին Սերժ Սարգսյանի թիմին։

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխության օրերին էլ Մովսիսյանն ու նրա թիմակիցները փակել էին Էջմիածնից Երևան տանող ավտոմայրուղին ու թույլ չէին տալիս հանրահավաքների գնացող քաղաքացիներին հասնել մայրաքաղաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG