Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը տեխնիկական վրիպակ որակեց 54 միլիոն դրամ թիվը, որը երեկ վարչապետը նշել էր որպես կառավարական առանձնատների ջրի պարտքի ընդհանուր գումար։
Եղոյանը նշեց, որ հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։
«Ազատություն». - Պարոն Եղոյան, կառավարությունը պաշտոնապես տեղեկատվություն տարածեց, ըստ որի, վարչապետը նշում է, որ «Կոնդի առանձնատների տնտեսության» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 միլիոն դրամի», և հավելեց, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այդ պարտքերը վճարվեն։ Հաշվի առնելով, որ կառավարական առանձնատներում վարչապետն է բնակվում, նախարարներն են բնակվում, ստացվում է, որ նախորդ կառավարության անդամները պարտքե՞ր են կուտակել և չե՞ն վճարել։
Եղոյան. - Ուղղակի մի ճշգրտում անեմ կոնկրետ թվի հետ կապված՝ կոնկրետ նշված թիվը եղել է տեխնիկական վրիպակ: Ինչ վերաբերում է պարտքերին, ապա՝ այո, հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը և ներկայացնել հստակ տվյալներ։ Սա է եղել, իսկ այդ թիվն ուղղակի եղել է վրիպակ։ Պարտքերի չափը, կամ դրանց առկայությունն այս պահին ճշտվում է։
«Ազատություն». - Դեռևս հստակ չէ՞՝ պարտքեր կուտակե՞լ են կառավարության նախկին անդամները, թե՞՝ ոչ։
Եղոյան. - Այս պահին այդ հարցը ճշգրտվում է։
«Ազատություն». - Այդ դեպքում հաղորդագրությունն ինչի՞ մասին է, որտեղ հստակ նշված է, որ Փաշինյանը հանձնարարել է, որպեսզի այդ պարտքերը վճարվեն։
Եղոյան. - Ես հենց հիմա հայտարարությունն եմ ճշգրտում, հանձնարարվել է ճշտել առկայությունը, դրանց չափը և առկայության դեպքում վճարել։
«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ վրիպակ է ոչ միայն այդ 54 միլիոնի պարտքն, այլև ընդհանրապես պարտքի առկայությունը, այդ ամենը դեռ պետք է ճշտվի։
Եղոյան. - Դա այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում, այո, այո։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ընդունելով «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, ասել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ՝ հավելելով, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը:
Վարչապետը նաև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նշել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի և հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի»:
Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի ընկերությունը հետևողական լինի բոլոր նման դեպքերում և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլև հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին։