«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կենտրոնի շենքի մոտ։ Նրանք պահանջում են վարձավճարների իջեցում։
Ցուցարարները պնդում են, որ 35 հազար դրամից ամսական վարձավճարը բարձրացվել է 50 հազարի։
«Թող մնա նույն գինը, մինչև էդ 35 հազար ենք վճարել, հետո դարձրել են 50 հազար, հետո զեղչ է եղել՝ դարձել 40 հազար։ Կմտածեք, թե 5 հազար դրամի համար ենք խոսում, բայց իրականում 5 հազար դրամը չի հարցը, պետք չի բարձրացնել 50-ի, իջեցնել 40-ի, հարկային վճարումներ կան, բունկերի վճարումներ, ամսական իմ մուծումը երկու սեղանի համար կազմում է 130 հազար դրամ, ժամանակ է լինում ավելի շատ եմ մուծում։ Կարել է պահել նույն գինը՝ ժողովուրդը հանգիստ կլինի, նորմալ կլինի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից Մինաս Աբաջյանը։
Տնօրենն էլ պարզաբանեց՝ հազար հոգսեր կան, գումարը չի բավականացնում։
«Հազար հատ հոգսեր կան. պետք է շենքը տաքացնենք, հովացնենք, լուսավորություն, մաքուր պահեն, անվտանգություն ապահովենք, հարկեր վճարենք, հսկայական գումարներ է վճարվում, չի հերիքում։ Մենք էլ կառավարության հորդորով 50 հազարը դարձրինք 40 հազար, բայց իրենք պայմանագիր ունեն մեզ հետ 50 հազարի», - ասաց Վաղարշ Աբրահամյանը, նշելով՝ եթե աշխատողներին այս պայմանները չեն գոհացնում, թող գնան ուրիշ շուկայում աշխատեն։
«Ես էլ հյուրանոց կդարձնեմ», - եզրափակեց Աբրահամյանը։