Մատչելիության հղումներ

Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Փաշինյան


21-ը հունիսի, 2018 թ․, պաշտոնական
21-ը հունիսի, 2018 թ․, պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Կառավարության ղեկավարը ծանոթացել է ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածության մակարդակին, ինչպես նաև այն հատուկ միջոցներին, որոնք ոստիկանությունը կարող է կիրառել հասարակական կարգի խախտման դեպքերում: Այդ համատեքստում, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել տվյալ դեպքերում որոշ միջոցների կիրառման հնարավորությունները՝ «հաշվի առնելով դրանց վտանգավորության աստիճանը»:

Այնուհետև վարչապետը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ծառայողներին 25-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել. «Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ, այսօր մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մի կարևոր շրջանում, որտեղ բոլորս պետք է պատասխանենք մեր անցյալի և ապագայի մասին կարևորագույն հարցերի: Ոստիկանության զորքերը և, ընդհանրապես, ոստիկանությունը պետական կարևորագույն կառույցներ են, որոնց գործունեությունը սակայն սահմանափակվում է շատ նուրբ գծերով, շատ նուրբ սահմաններով, և չափազանց կարևոր խնդիր է՝ հստակ տեսնել և գիտակցել այդ սահմանները և արձանագրել, որ անգործությունն այդ սահմանից այս կողմ հակապետական և հակաժողովրդական գործողություն է, իսկ գործողությունները սահմանից այն կողմ, այդ նուրբ գծերից այն կողմ կարող են էական վնաս հասցնել պետությանն ու ժողովրդին, լինել հակաժողովրդական և հակապետական գործողություն»,- իր ելույթում ասել է Փաշինյանը:

«Ոստիկանության զորքն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության ևկամայականության բացառման սկզբունքով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ: Մեր կարևորագույն խնդիրն, ըստ այդմ, ՀայաստանիՀանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի գործունեությունը հենց այս տրամաբանության մեջ կազմակերպելն է:

Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում պատմական մի գործընթաց, տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության և ժողովրդի հաշտեցման մի գործընթաց: Ցավոք, մեր պատմության մեջ եղել են էջեր, երբ լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության, ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև, և մեր գործունեության առաջնահերթությունն է՝ այդ անդունդը լրացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդի վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը և ոստիկանությունը, ժողովուրդը և ոստիկանության զորքերը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միևնույն նպատակին, առաջնորդվեն նույն սկզբունքներով, երազանքներով և միասնական ուժերով, բոլորս ծառայենք մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի և ժողովրդի զարգացմանը և հզորացմանը»,- ըստ կառավարության հաղորդագրության, իր ելույթում, մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG