Այսպես կոչված «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող երեք տասնյակ անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու ժամանակ զենք և թմրամիջոցներ առգրավելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանցից երկուսին:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ձերբակալվածներին մեղադրանք դեռ չի առաջադրվել․ - «[Ձերբակալվել են] «Ալո» մականունով Ալեքսանդր Մակարյանը և «Մասիվցի Անդիկ» մականունով Անդրանիկ Հարությունյանը: Մյուսները որպես վկա հարցաքննվել են, ազատ են արձակվել»:
Երեկ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, ըստ որի հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարել «օրենքով գողեր»-ի բնակարաններում։
Իրավապահները հայտնաբերել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ: «Քրեական հեղինակությունները» բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունից, սակայն չպարզաբանեցին, թե ինչու է մոտ 30 բերման ենթարկվածից միայն 2-ը ձերբակալվել:
Արդյո՞ք նախկին իշխանությունների թողտվության մթնոլորտն էր պատճառը, որ ոստիկանությունն ավելի վաղ չէր զբաղվում քրեական հեղինակություն որակվող մարդկանց օրինականության դաշտ բերելով:
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց այդ հարցով դիմել իր նախկին պաշտոնակիցներին․ - «Էդ ձեր ասած քրեական հեղինակությունները իրենք էլ են նույնպես մարդ, իրենք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նույնպես իրավունքներ ունեն և պարտականություններ: Անկախ ամեն ինչից, ցանկացած ոք Հայաստանի Հանրապետությունում պետք է ենթարկվի օրենքին»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ նոր իշխանությունը Հայաստանում իր առջև իրավական պետություն կառուցելու խնդիր է դրել․ - «Հստակ քայլեր է կատարում՝ ելնելով այն սկզբունքից, որ կրիմինալը, քրեական աշխարհը և քրեական կանոնները չեն կարող համատեղվել իշխանության հետ»:
Սաքունցի համոզմամբ, քրեական հեղինակությունները վայելում էին նախկին իշխանության հովանավորությունը: Նա հիշեցնում է «Ռոբսոն» մականվամբ հայտնի Ռուբեն Թաթուլյանի պատմությունը․ - «Շաքրո Մոլոդոյի հետ, Դեդ Հասանի հետ մի խնջույքում գտնվելը, նկարները անձամբ Սերժ Սարգսյանի: Դա չի՞ ապացույցը»:
Իրավապաշտպանը շեշտում է նաև ընտրությունները կեղծելու գործում թաղային հեղինակությունների դերակատարումը ու համոզմունք հայտնում, որ իրավապահների նման գործունեության շարունակականության դեպքում քաղաքական գործընթացներում կբացառվի քրեական տարրերի մասնակցությունը: