Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որն ամբողջովին վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից, որպեսզի թույլ չտրվեն այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն լայնածավալ գործողությունների։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ հայաստանյան պատվիրակությունն անցած շաբաթավերջին Արցախում ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին։
«Անցյալ շաբաթավերջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանից պատվիրակություն էր մեկնել Արցախ՝ նպատակներից մեկը նաև առաջնագծում իրավիճակին ծանոթանալն էր։ Հանդիպում ենք ունեցել Պաշտպանության բանակի հրամանատարության հետ, ներկայացրել են ընդհանուր վիճակը։ Կարելի է ասել՝ մնացած ժամանակների հետ համեմատ շատ բաներով չի տարբերվում։ Ադրբեջանը շարունակում է շարժ կատարել առաջին գծում, որը, կարելի է ասել, ամբողջովին հետևում է Պաշտպանության բանակը, որպեսզի հանկարծ թույլ չտան այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ գործողությունների։ Ընդհանուր առմամբ լարվածությունն ինչպես կա, այդ ձև է, նախկին ժամանակների հետ համեմատ որոշակի չափով ավելացել է, անհանգստություն ունենք։ Բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Պաշտպանության բանակը վերահսկում է վիճակը, և կարելի է ասել, որ Պաշտպանության բանակն իր առջև դրված ցանկացած գործողություն, ցանկացած խնդիր պատրաստ է կատարել», - ասաց ԱԽ քարտուղարը։
«Ադրբեջանին զենքի վաճառքը չի համապատասխանում Բելառուսի հետ ունեցած մեր հարաբերությունների մակարդակին»
Օգտատերերից մեկի հարցին, թե «բավարար համարո՞ւմ է այն մտահոգությունը, որ հայտնել է Բելառուսի դեսպանին Ադրբեջանին բելառուսական զենքի վաճառքի հետ կապված, արդյո՞ք դեսպանն այս մասին պարզաբանումներ ներկայացրել է։ Չի՞ կարծում, որ արտգործնախարարությունը պետք է խիստ քննադատության ենթարկի դաշնակից Բելառուսի քաղաքականությունը, որը հեռու է դաշնակցային գործելաոճից», Գրիգորյանը պատասխանեց. - «Հայաստան-Բելառուս հարաբերությունները տարբեր մակարդակներում են։ Հայաստանը և Բելառուսը գտնվում են համագործակցային մակարդակում ոչ թե երկկողմանի, այլ նաև բազմակողմանի՝ նկատի ունեմ ՀԱՊԿ, ԱՊՀ, տարբեր հարթակներում համագործակցություն կա, և այս առումով հայ-բելառուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իսկապես այս զենքի վաճառքը ամբողջովին չի համապատասխանում այն հարաբերությունների մակարդակին, որ մենք ունենք Բելառուսի հետ, այդ առումով մենք մտահոգություն ենք հայտնել։ Մենք պետք է հասկանանք, որ խնդիրները միանգամից չեն լուծվում, խնդիրը գոյություն ունի երկար ժամանակ, և մեկ անգամ այդ խնդրի մասին բարձրաձայնելով մենք չենք կարող լուծում ստանալ։ Նաև արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն է ասել, որ այդ հարցը բազմակողմանի և բազմաշերտ քննարկվում է բելառուսական կողմի հետ, և այն պատասխանները, որ մենք ստանում ենք, չեն բավարարում մեզ։ Այդ իսկ պատճառով մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի հասնենք արդյունքի նույն այդ բազմաշերտ և բազմակողմանի ձևով այդ հարցը բարձրացնելով և լուծում փնտրելով»։
Նշենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Բաքուն նոր թափով շարունակում է ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:
Պաշտոնական Երևանը քննադատում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անընդունելի էր համարել զենքի վաճառքը «Ադրբեջանի նման պետությանը»:
Անցած շաբաթասկզբին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեռահար այդ կայաններն արդեն հասել են Ադրբեջան և արդեն ցուցադրվել են նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Բաքվի, դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով:
Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրները, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու:
«Ֆեյսբուքյան ասուլիսն» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.