Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ առանց հավելյալ մանրամասների:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, վերջինս նաև նշել է, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողությունների: «Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի, և այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները, այդ թվում՝ պատրաստ է հոգեբանորեն», - այսօր պնդել է Հասանովը:
Ղարաբաղյան խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, հիշեցնենք, ավելի վաղ բազմիցս կոչ են արել կողմերին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և քայլեր ձեռնարկել հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ: