Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ։
Ըստ ՀՀ արտգործնախարարության, Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, Հանի բնորոշմամբ, կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ:
Հայաստանի արտգործնախարարը հանձնակատարին է ներկայացրել կառավարության նոր ծրագիրը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Մնացականյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հեռանկարների շուրջ:
Այս համատեքստում անդրադարձ է եղել հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին:
Մնացականյանը և Հանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և դրանց ուղղությամբ մոտեցումների, գնահատականների և դիրքորոշումների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաև խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ցուցաբերած հետևողական աջակցության համար։
Նշենք, որ Մնացականյանը Բրյուսելում է՝ մասնակցելու հունիսի 20-21-ը կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստին:
Նախատեսված է նաև Մնացականյանի հանդիպումը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։