Երեկ երեկոյան Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ոստիկանությունը շրջափակել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, Պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին պատկանող ավոտշարասյունն ու առգրավել զենք-զինամթերք: Դրանց օրինականությունն այս պահին դեռ ստուգվում է, իսկ մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ: Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։
Թեև կադրերում հստակ երևում է, որ Հովհաննես Հովսեփյանը խուզարկության պահին եղել է ավտոմեքենաներից մեկում, ոստիկանությունից այս տեղեկությունը ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ կա պաշտոնական հաղորդագրություն, որին ավելացնելու ոչինչ չունեն:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ եթե անգամ այդ զենքերն օրինական են, ապա դրանք ավտոմեքենայում մշտապես կրելը հիմնավորված չէ․ - «Զենքի ստացման, թիկնապահների օրինականության, գումարների, որոնք վճարվում են այդ ծառայությունների դիմաց, դրանց ստացման օրինականության․․․ բազմաթիվ հարցեր կան: Միանշանակ և ակնհայտ է, որ տարածված տեղեկատվության հիման վրա, զենք և զինամթերք, լինի օրինական թե ոչ օրինական, մեքենայում իրավունք չունի կրել: Մյուս կողմից հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է լինում, որ խիստ որոշակի շրջանակների մարդիկ են հնարավորություն ունենում՝ օրինական, այսպես կոչված, զենք ու զինամթերք կրել»:
Հովհաննես Հովսեփյանը 2008-ից մինչև 2016 թվականի մարտ ամիսը ղեկավարել է Նախագահի վերահսկողական ծառայությունը, ապա
նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Մամուլում մեծ աղմուկ էին բարձրացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Հովհաննես Հովսեփյանի ներկայացրած հայտարարագրերը, որոնց համաձայն ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակմանը նախորդած հինգ տարիներին նա ստացել է 3 միլիոն 90 հազար դոլար նվիրատվություն: Հետագայում լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել էր, թե այդ գումարներն իրեն է տրամադրել Ռուսաստանում բնակվող եղբայրը:
Ի դեպ, ըստ մամուլի, 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն Հովսեփյանին էր վստահել ընտրություների ընթացքի վերահսկողությունը: Լրագրողների հետ զրույցում Հովսեփյանը նշել էր, թե դա իրեն լիարժեքորեն հաջողվել էր՝ ընդգծելով, որ դիտորդներից բացի, հնգաստիճան վերահսկողական մեխանիզմ է գործել:
«Եղել են դիտորդներ, նրանց հետ եղել են տասնապետեր, տասնապետերն իրենց հետ ունեցել են համակարգողներ, համակարգողներն իրենց հետ ունեցել են այլ թիմ, որտեղ որ ներգրավված են եղել պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք անկախ են եղել: Դրանից հետո եղել եմ ես, որտեղ կահավորված ամենաբարձր մակարդակի վերջին տեխնիկայով օնլայն հետևել ենք ցանկացած ռեժիմ», - «ժողովուրդ» օրաթերթին փոխանցել էր երեկ զինաթափված նախկին ՀՀԿ-ական պաշտոնյան:
Իրավապաշտպան Սաքունցը, հիշեցնելով նրա այս հայտարարությունը, ասաց, թե Հովսեփյանն այսօր «վախենալու բան կունենա» նաև այս կոնտեքստում․ - «Երևի թե այդ վախենալու հիմքերը տեսնում է այսօր ընթացող կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման առումով: Ինքն էլ եղել ա այնպիսի մի մարմնի ղեկավար՝ Նախագահի վերահսկողության ծառայության պետ, և ժամանակին ուշագրավ խոստովանություններ է կատարել, թե ինչ սկզբունքով, ինչ կառավարմամբ իրականացվեց 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները՝ վերից վար, տասնապետներ, հայրուրապետներ»:
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանն է («Ելք») անդրադարձել այս թեմային՝ հարցնելով, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանում կան զինված ու չզինված մարդիկ: Հիշեցրեց՝ ինքը ժամանակին առաջարկել է զենքի վաճառքն օրինականցնել․ - «Կամ էկեք օրենք ընդունենք Հայաստանում լեգալացնենք զենքը, սա լինի հավասարների հասարակություն, որտեղ բոլորը գիտեն, որ բոլորը զենք ունեն, և բոլորը բոլորի նկատմամբ կաշկանդված են, քանի որ բոլորը գիտեն, որ բոլորը զենք ունեն: Ոչ թե հասարակության կեսը գիտի, որ էն մի կեսը զենք ունի, որ էս մի կեսը խելոք չմնա, էս մի կեսը կկրակի իրա վրա: Վերջը մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում ունենալ, պետք ա բոլորը զենք ունենա՞ն, թե՞ բոլորը զենք չունենան»:
Մարուքյանն Ազգային ժողովի ամբիոնից այսօր դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի քննարկեն այն հարցը, թե ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանում դեռ կան թիկնազորով, փարոսիկներով շրջող նախկին պաշտոնյաներ․ - «Նախորդ իշխանությունների օրոք դիմել եմ պետական համապատասխան ծառայություններին և ուզեցել եմ պարզել հետևյալ հարցը՝ ո՞վ ունի երկրում իրավունք փարոսիկներով, անվտանգության մեքենաներով ման գալու: Ասել են՝ Անվտանգության խորհրդի անդամները: Ասել եմ՝ օկեյ: Նայում եմ, մարդիկ կան, որ էլի էդ նույն մեքենաներով շրջում են, բայց Անվտանգության խորհրդի անդամ չեն: Ու ես հիմա էս հարցը բարձրացնում եմ, քանի որ հիմա է բացվել, ես դիմում եմ պարոն վարչապետին, որ այս հարցը քննարկենք: Ես նաև գրավոր կդիմեմ»: