Ազգային ժողովում այսօր Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու քննարկումից հետո գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին՝ կողմ են քվեարկելու նախագծին, տեսակետ չհայտնեց միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը։
«Աջակցում ենք այս բարելավմանը, որովհետև չաջակցել այս բարելավմանը՝ կլինի այն, ինչ կար՝ ավելի վատ տարբերակը կմտնի ուժի մեջ, բայց կրկնում եմ՝ պայմանով, որ շարունակենք քննարկումները», - մասնավորապես, հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: - «Մենք ասել ենք, որ պաշտպանում ենք այս կառավարությանը ևասել ենք, որ պետք է աջակցենք, որ այն ռեֆորմները, որոնք երկրում պետք է իրականացվեն, դրանք իրականացվեն»:
Իր հերթին «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը հնչեցրեց իրենց խմբակցության չփարատված մտահոգությունները աղմկահարույց համակարգի նկատմամբ, ընդ որում՝ հայտարարելով, որ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը կախված է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պատասխաններից։ Քննարկման վերջում նրանք ևս հայտարարեցին՝ օրենքում լրացումներին կողմ են քվեարկելու:
Միքայել Մելքումյանը մանրամասնեց․ - «Ես երեք հարց ուղղեցի պարոն Ջանջուղազյանին: Ըստ էության՝ պետք է ասեմ, որ դրա համար նշեցի, որ ինքը իր վրա վերցրեց բավականին մեծ, պատասխանատու պատասխաններ: Ռիսկերից առաջինը, որը մեզ միշտ մտահոգել է և մենք ասել ենք, դա այն է, որ 40-45 տարվա կտրվածքով ովքե՞ր են երաշխավորները, ի՞նչ երաշխիքներ են տալիս արժեզրկման հետ կապված»:
Օրենքը երաշխիքներ տալիս է, սակայն դրանք պետք է ամրացվեն, վստահ է «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչը, ով ևս հայտարարեց, որ պատրաստ են մասնակցել հետագա քննարկումների ավելի ապահով կուտակային համակարգ ստեղծելու համար․ - «Քանի գնա՝ մեր քաղաքական համակարգը պետք է կատարելագործվի և երաշխիքներ տա, որ մենք ամեն ինչ ճիշտ կունենանք: Ես ասում եմ՝ այդ երևույթի պայմանները պետք է վերանան մեր երկրում, որպեսզի հասարակությունը հավատա մեր պետության իրականացրած քաղաքականությանը»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ նոր կառավարության առաջարկած փոփոխությունը, երբ պետությունը կուտակում է 7.5, իսկ քաղաքացին 2.5 տոկոս, ժամանակավոր լուծում է․ - «Եվ տրամաբանությունը այստեղ շատ պարզ է․ ոչ թե հանրությանը հաճոյանալն է տրամաբանությունը, այլ ուղղակի հանրության այն մասի մոտ, ովքեր որ հիմա պարտադիր պետք է դառնան մասնակից՝ կուտակային կենսաթոշակային համակարգի, տնօրինվող եկամուտների էական նվազեցում չառաջացնելը: Եվ դա, կարծում ենք, տրամաբանական է մեր դեպքում, երբ որ մենք խոսում ենք մեկ այլ դեպքում՝ այլ քննարկման ժամանակ, աշխատող ու աղքատ մարդու մասին»:
2014 թվականից հանրահավաքների ու բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ դարձած օրենքի՝ ամբողջությամբ ուժ մեջ մտնելը շարունակ ձգձգվում էր, և թեև ժամանակին «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել կուտակային համակարգին, այնուամենայնիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշակի լրացումներով օրենքն ամսվա սկզբին ուղարկեց խորհրդարան։ Կառավարության նիստին վարչապետի հետ առճակատման գնացած նախարար Արծվիկ Մինասյանի կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչները այսօր ելույթներ չունեցած, սակայն նրանք սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ դրա ընդունմանը ձեռնպահ են քվեարկել։ Ընդ որում, այս հանձնաժողովի հանրապետական ղեկավար Հակոբ Հակոբյանը, իր ելույթում նշելով, որ խմբակցություններից մեկը ձեռնպահ է քվեարկել, չասաց թե մասնավորապես դա որ խմբակցությունն էր, ինչը հարուցեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի զայրույթը և վեճի պատճառ դարձավ։