Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի հարցը ԱԺ-ն կքննարկի վաղը ժամը 11-ին հրավիրվող արտահերթ նիստում


Հայաստանի կառավարության նիստ, մայիս, 2018թ․
Հայաստանի կառավարության նիստ, մայիս, 2018թ․

Կառավարությունն այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկեց հունիսի 19-ին ժամը 11-ին արտահերթ նիստ գումարել՝ օրակարգում ներառելով ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցը։

Առաջարկը կառավարությունում զեկուցեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը. - «ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին։ Հերթական նստաշրջանների ընթացքում գումարվում են հերթական նիստեր, ինչպես նաև կարող են գումարվել արտահերթ նիստեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվում է 2018 թվականի հունիսի 21, իսկ այս նստաշրջանի ընթացքում հերթական նիստերն արդեն իսկ ավարտվել են, ԱԺ նստաշրջանի պարտադիր քննարկման ենթակա հարցերը սպառելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում նախաձեռնելու արտահերթ նիստ, ինչն էլ տվյալ դեպքում, հիմք ընդունելով ԱԺ Կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը, առաջարկվում է ի կատար ածել՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ Արտահերթ նիստն առաջարկվում է գումարել 2018 թվականի հունիսի 19-ին ժամը 11-ին՝ արտահերթ նիստի օրակարգում ներառելով պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկման հարցը։ Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Ամալյա Ենգոյանին»։

Առաջարկն ընդունվեց միաձայն։

Նշենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։ Արդարադատության փոխնախարարն այսօր կառավարության նիստում մանրամասնեց. - «Վարչապետին է դիմել գլխավոր դատախազը՝ հայտնելով, որ առկա են պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր, և առաջ է եկել Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի սահմանված կարգով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու նպատակով Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու համար համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու անհրաժեշտություն»։

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար պահանջվում է խորհրդարանի 105 պատգամավորներից 53-ի քվեն:

Հունիսի 16-ին Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է: Ըստ ԱԱԾ-ի, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է նաև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ:

Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց, որում մասնավորապես ասվում էր, որ հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:

«Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր, դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման», - ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG