Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մեկնել է Մեծ Բրիտանիա, այցելելու է նաև Ֆրանսիա և ԱՄՆ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով այսօր մեկնել է արտերկիր:

Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում:

Լոնդոնից Հայաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա: Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի մրցակցային առավելությունները ներկայացնելու և ներդրումային հնարավորությունները քննարկելու նպատակով, ասված է նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Արմեն Սարգսյանը Փարիզում աշխատանքային հանդիպում կունենա նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաել Ժանի հետ։ Կքննարկվեն հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Հունիսի 26-ին Հայաստանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

Վաշինգտոնում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի նաև Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը ԱՄՆ Սենատում:

Նշված երկրներում գտնվելու ընթացքում հնարավոր են նախագահ Սարգսյանի քաղաքավարական հանդիպումները այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG