Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը դիմել է վարչապետին՝ Մանվել Գրիգորյանի հարցով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու համար


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը

«Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ Գլխավոր դատախազության, հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է Ազգային ժողովի նախագահին:

«Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը:

Արդեն իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների, համատեղ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու բավարար հիմքեր», - ասված է հաղորդագրությունում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արթուր Դավթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG