Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ապօրինի է որակում Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և հորդորում ազատ արձակել նրան


ԱԺ ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ» է որակում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):

ՀՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը, կուսակցության պնդմամբ, տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։

«Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլը ավելի քան մտահոգիչ է։ Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին», - հայտարարում է Հանրապետականը՝ շարունակելով. - «Բացի այդ, խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն և ոչ թե Մ. Գրիգորյանին»:

ՀՀԿ-ն կոչ է անում դատախազությանը «իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման ` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար»:

«Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում», - հայտարարում է Հանրապետականը՝ եզրակացնելով. - «Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ»:

«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունը և պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, շաբաթ երեկոյան Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ որ Արթուր Ասատրյանը (մականունը՝ «Դոն Պիպո») և գեներալ Մանվել Գրիգորյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել են: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, այսօր Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: «Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը», - փոխանցել է ԱԱԾ-ն:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը «Ազատությանը» հայտնեց, որ այս պահին գլխավոր դատախազից խորհրդարանում միջնորդագիր չի ստացվել:

Նշենք, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար պահանջվում է խորհրդարանի 105 պատգամավորներից 53-ի քվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG