Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ղարաբաղի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Նրանց ուղեկցել են Հայաստանի և ԼՂ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
«Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Վարչապետ Փաշինյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել էր Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի: