2018 թվականի հունիսի 18-ին Հայաստան կժամանի ԵԽ ինը պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որը կգնահատի Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը՝
«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) Եվրոպական խորհրդարանի ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները գնահատական կտան Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, ինչպես նաև կգնահատեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը և հայտարարված բարեփոխումները՝ վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական ցնցումների համատեքստում, որի արդյունքում երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն»,- նշված է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ․ նոյեմբեր 24-ին: Փաստաթուղթը ստորագրել են այն ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։