Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ի պնդմամբ՝ երկու «կարգոները» պետությանը 2 մլրդ դրամի վնաս են պատճառել․ հարուցվել է քրգործ


Բեռնատարներ հայ-վրացական սահմանի անցակետերից մեկում, արխիվ
Բեռնատարներ հայ-վրացական սահմանի անցակետերից մեկում, արխիվ

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի («Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը») 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել և քննվում են քրեական գործեր՝ Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ անդամ պետություններից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ներմուծված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերով:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունները՝ այսպես կոչված «կարգոները», զբաղվել են տարբեր տնտեսվարողներին պատկանող բեռների Հայաստան տեղափոխմամբ և դրանց մաքսազերծմամբ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Արմ Ընդ Ման» ընկերության իրական սեփականատերը հանդիսացել է Երևանի Թումանյան փողոցի 1/2 հասցեում գործող «Երևան Տուր» անվամբ տուրիստական ընկերության հիմնադիր Կարլեն Մկրտչյանը, իսկ «Սարգսյան Իմպորտ» ընկերության սեփականատերը՝ Երևանի Սարյան փողոցի 25 հասցեում գործող «Բագրատուր» ընկերության տնօրեն Բագրատ Նավոյանը»:

«Քրեական գործերի շրջանակում դատարանի համապատասխան որոշումների հիման վրա մոտ 10 հասցեներում կատարվել են խուզարկություններ, այդ թվում «Երևան տուր» և «Բագրատուր» տուրիստանական ընկերությունների գրասենյակներում, որոնց ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և գումար: Քրեական գործերի շրջանակում բազմաթիվ անձինք հրավիրվել են հարցաքննության, ներկա պահին ձեռնարկվում են համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պետությանը պատճառված վնասի վերջնական չափը պարզելու և վերականգնելու ուղղությամբ: Նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս: Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG