Ընդամենը 19 հազար 500 դրամի չարաշահման մեջ մեղադրվող թիվ 32 մանկապարտեզի 28 տարվա տնօրեն Անահիտ Դավթյանն ընդունել է մեղքը և վերականգնել բյուջեին հասցված վնասը։ Իրավապահները պարզել են, որ 2015 թվականին Անահիտ Դավթյանն իր երկու աշխատակիցների՝ մեթոդիստի և դաստիարակի օգնականի բացակայության հինգ օրերին, երբ նրանք հատել են Հայաստանի սահմանը, համարվել են աշխատանքի մեջ և այդ օրերի համար վարձատրվել։
«Չկա անձնական շահագրգռվածություն: Ընդամենը գործել է իմ այն հայկական չգրված մենթալիտետը, չգրված օրենքը՝ լավություն անելու էդ պահը», - «Ազատությանն» ասաց Դավթյանը:
Թիվ 33 մանկապարտեզի տնօրեն Գայանե Սարգսյանը նույնպես վերականգնել է իրեն վերագրվող 36 հազար դրամի վնասը։ Նա երիտասարդ լվացարարին էր թույլ տվել մոտ կես ամիս բացակայել աշխատանքից՝ առանց փաստաթղթային հիմնավորման։ Այս դեպքում ևս աշխատակիցը բացակայության օրերին դուրս է եկել Հայաստանից։
Սարգսյանն ասաց․ - «Ուղղակի մարդկայնորեն թույլ եմ տվել: Երկու անչափահաս երեխաներ ունի»: Մանկապարտեզների տնօրեններն ասացին, որ իրավապահներից առաջ Վերահսկիչ պալատն է ստուգումներ անցկացրել։ Լուրջ խախտումներ չեն հայտնաբերել, բայց, ըստ նրանց, այս փոքր զանցանքի համար դատարանի առաջ են կանգնելու։ «Քրեական գործ սա որպես չէի պատկերացնում, որ կլինի», - ասաց Սարգսյանը: Դավթյանը հավելեց․ - «Բոլոր դեպքերում սկսել ենք ավելի զգաստ աշխատել»:
Իսկ մոտ 300 հազար դրամի չարաշահումների մեջ մեղադրվող թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Քրիստինա Պապանյանը, ով փաստաբան է վարձել, հայտարարում է, թե դատախազությունից գրություն է ստացել իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին:
Բայց իրավապահների հայտարարություններից դեռևս չի հանվում իր ղեկավարած մանկապարտեզի անունը․ - «Գործը կարճված ա հիմքեր չլինելու պատճառով: Ես էսօր չգիտեմ ինչի հիման վրա ա, որ անունը անընդհատ շոշափվում ա մանկապարտեզի»:
Քրիստինա Պապանյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ դուստրն է։ Դեռ քեռու պաշտոնավարման տարիներին է նշանակվել մանկապարտեզի տնօրեն և հարազատ քրոջը նշանակել տեղակալ։ Իրավապահները պարզել են, որ Կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված օրինակելի հաստիքացուցակի համաձայն, մանկապարտեզներում փոխտնօրենի հաստիք չի կարող լինել։ Մինչդեռ Քրիստինա Պապանյանն իր փաստաբանի միջոցով ապացուցել է, որ 2015 թվականին Վանաձորի ավագանու հաստատած հաստիքացուցակով է ստացել փոխտնօրեն ունենալու իրավունք։
Նա չի հրաժարվում, որ քրոջը պաշտոն է տվել, ով տեղակալ նշանակվելուց հետո ծննդաբերելու հետ կապված այժմ գտնվում է արձակուրդում․ - «Եթե նա արտոնյալ վիճակում լիներ, էսօր էս գործը չէր կարճվի»:
Այժմ Քրիստինա Պապանյանն ու իր փաստաբանը մտադիր են բողոքարկել քրեական գործը կարճելու մասին դատախազության որոշումը, որի մեջ, ըստ նրանց, «կողմնակալ դատողություն» է արվել։ Դատախազը նշել է, թե «տնօրենն իր լիազորություններն իրականացրել է համայնքային ծառայության շահերին հակառակ» և միջնորդագիր ուղարկել Վանաձորի քաղաքապետին՝ չարաշահումներ թույլ տված տնօրենների, այդ թվում թիվ 30 մանկապարտեզի տնօրեն Քրիստինա Պապանյանի վարքագիծն ուսումնասիրելու և հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու մասին։
Պապանյանն ասաց․ - «Մինչև վերջ ես պնդել եմ, որ ես մեղքի բաժին չունեմ: Ես ոչ մի խախտում չեմ արել»:
Իր հարսին փոխտնօրեն նշանակելու գործով Վանաձորի մեկ այլ, թիվ 19 մանկապարտեզի նախկին տնօրենին առաջադրված նույնատիպ մեղադրանքը, մինչդեռ, շուտով կհասնի դատարան։ Ներկայիս տնօրեն Արփինե Սարիբեկյանը, ով աշխատանքի է անցել անցած տարի քրեական գործի հարուցումից հետո, ասում է, որ փոխտնօրեն արդեն չունի։ Հաստիքը փոխարինել են մեթոդիստով և նախկին թերությունները վերացված են։
Քաղաքապետարանից տեղեկացրին, որ մեղադրվող տնօրեններին պաշտոնազրկելու հարցը քննարկելու մասին դատախազի միջնորդությունը դեռևս չի քննարկվել: Նաև հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչպես է ստացվել, որ 2015 թվականին, նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման ընթացքում, փոխտնօրեն ունենալու հնարավորություն են ստացել որոշ մանկապարտեզներ, ինչի իրավունքը չեն ունեցել։
Հարց է, թե ինչու է նույն գործով մի մանկապարտեզի դեպքում կարճվել քրեական գործը, մյուսի դեպքում՝ իրավապահները պատրաստվում են հասցնել դատարան։
Բայց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը վստահեցնում է՝ չեն թիրախավորել մանկապարտեզներն ու տնօրեններին․ - «Ես չեմ կարծում, որ ոստիկանության մարմինը պետք է թիրախավորի որևէ ուսումնական հաստատություն և էդ ուղղությամբ աշխատանքներ կատարի: Օպերատիվ մարմինը գործում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում»: