Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները կշարունակվեն


Ստեփանակերտ, 13-ը հունիսի, 2018 թ․
Ստեփանակերտ, 13-ը հունիսի, 2018 թ․

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը պատրաստվում է իր կողմնակիցների հետ շարունակել բողոքի միջոցառումները՝ պահանջելով ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:

Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը երեկ հավաք էր հրավիրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սակայն ոստիկաններն արգելափակել էին նախագահի նստավայրին հարակից հրապարակի մուտքը: «Գրեթե ամբողջ ոստիկանական համակարգը բերել լցրել էին Վերածննդի հրապարակ, պաշարելով Բակո Սահակյանի նախագահական նստավայրը: Դա ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ փոխվել են, ոչ էլ փոխվելու են»,- «Ազատությանն» ասաց Հայկ Խանումյանը:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը, մինչդեռ, վստահեցնում է՝ հավաքների որևէ սահմանափակում չի եղել: Իսկ Վերածննդի հրապարակում հավաքի արգելման պատճառն, ըստ Բաբայանի, այն է, որ ընդդիմադիրները նախապես Ստեփանակերտի քաղաքապետարանին այդ մասին չեն ծանուցել:

«Վերածննդի հրապարակը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում դա սրբություն է, ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել իրենց ներքաղաքական նպատակների համար»,- ասաց Դավիթ Բաբայանը, հավելելով՝ բոլոր նման հարցերը կարգավորվում են օրենքով, ինչը տվյալ դեպքում իրականացվում է քաղաքապետարանի միջոցով:

Հայկ Խանումյանը հակադարձում է՝ Ստեփանակերտի քաղաքապետարանին չեն ծանուցել, քանի որ նախկինում իրենց դիմումները մշտապես մերժվել են, հավաքներ անցկացնելու համար էլ որևէ տարածք չի տրամադրվել․ «Նման պայմաններում ուղղակի ծիծաղելի է՝ գնալ քաղաքապետարանից հավաքի թույլտվություն խնդրել»:

ԼՂ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո սկսված բողոքի միջոցառումները հանգեցրին ոչ միայն Ղարաբաղի ԱԱԾ ու Ոստիկանության ղեկավարների, այլ նաև պետնախարարի հրաժարականին: Երեք օր առաջ էլ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ երկու տարի անց նախատեսվող նախագահական ընտրություններին ինքը չի մասնակցելու:

Միևնույն ժամանակ, Սահակյանի խոսքով՝ «մի խումբ անձինք» փորձ են արել քաղաքացիների արդար պահանջը քաղաքականացնել ու շահարկել: «Անթույլատրելի է ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար»,- ասել է Սահակյանը:

Ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը վստահ է՝ հենց Բակո Սահակյանն է առկա անարդարությունների հովանավորը, և որպես նախագահ ևս երկու տարի նրա պաշտոնավարումը խիստ ծանր հետևանքների է հանգեցնելու: Նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ հայտարարում է՝ «որոշ ուժեր» վախենում են սպասել 2020 թվականի նախագահական ընտրություններին, քանի որ այդ ժամանակ չեն կարողանա մեղադրանքներ հնչեցնել, թե իշխանությունները ցանկանում են վերարտադրվել:

Նախորդ տարեսկզբին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքով Ղարաբաղն անցում կատարեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի: Բակո Սահակյանն ընտրվեց անցումային շրջանի նախագահ՝ մինչև 2020 թվականը պաշտոնավարելու ժամկետով: Ղարաբաղյան ընդդիմադիրները պնդում էին, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը Բակո Սահակյանի իշխանության երկարաձգումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG