Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Եթե իշխանափոխություն չլիներ, «Սասնա ծռերի» անդամներին ծեծի ենթարկելու գործն ընթացք չէր ստանա


«Սասնա ծռերի» անդամներից Գագիկ Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը վստահ է, որ եթե իշխանափոխություն չլիներ, ապա զինված խմբի որոշ անդամներին մեկ տարի առաջ դատարանի նկուղում ծեծի ենթարկելու գործն այդպես էլ ընթացք չէր ստանա։

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդել է, որ «ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար»։

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, «զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար Ա. Ղ.-ն նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, ինչից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ»:

Փաստաբան Եգորյանի խոսքով, դեպքը, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 28-ին, իրական նախաքննության փուլ մտավ հեղափոխությունից հետո, մինչև այդ քննչական մարմինը մատը մատին չէր տվել գործը բացահայտելու համար․ - «Հեղափոխական իրադարձություններից հետո այդ պրոցեսները, որոնք որ քնեցված էին նախկինում, պետք է մեկնարկեն, և պետք է շատ մեծ արագությամբ ընթանան, քանի որ այդ ամբողջ ժամանակահատվածում անգործությունը բացասաբար է անդրադառնում գործի արդյունավետ քննության վրա»:

Եգորյանն ասաց, թե դատարանի նկուղում տեղի ունեցածի մեղավորներն ավելի քան ակհայտ են։ Միայն Եղիազարյանի ցուցմունքից կարելի է հասկանալ, որ մասնակից ոստիկանների թիվը շուրջ մեկ տասնյակի է հասել, իսկ ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը, ում մեղադրանք է առաջադրվել, միայն վերջերս է առերեսվել իր պաշտպանյալի հետ:

Արմեն Ղազարյանի գործողություններից նույն օրը տուժել է նաև Արայիկ Խանդոյանը։ Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը պնդում է՝ Խանոդյանին ծեծել են 10-ից ավելի մարդիկ, իսկ վերջում Արմեն Ղազարյանը ցուցմունք է տվել՝ թե Խանդոյանը ուղեղի ցնցում ու վնասվածքներ է ստացել ինքն իրեն խցի դռանը հարվածելու հետևանքով։

«Ես չեմ պատկերացնում, որ կա որևէ ողջամիտ մարդ, ով կպատկերացնի, որ Խանդոյան Արայիկը ինքն իրեն այնքան հարվածներ կհասցնի պատերին, որ ուղեղի ցնցում ստանա, ոտքերին ու մարմնի տարբեր հատվածներում բաց վերքեր ստանա: Այս ամենը ժամանակի ընթացքում կոծկում էին», - ասաց Պապիկյանը:

Փաստաբանները նկատում են, որ նախկին իշխանությունն ամեն ինչ անում էր գործի մանրամասները կոծկելու և մեղավորների անպատիժ թողնելու համար։

Արայիկ Պապիկյան․ - «Այդ ամբողջ ընթացքում քաղաքական իշխանությունը կա՛մ թույլ չի տվել, որպեսզի մեղադրյալ ներգրավեն, կամ խոչընդոտել է ճշմարտության բացահայտմանը: Հիմա, բարեբախտաբար, մենք ունենք այլ իրավիճակ»:

Տիգրան Եգորյան․ - «Պետք է իրականացվի համապատասխան քննություն: Պատասխան պետք է տան բոլոր նրանք, ովքեր պատճառ են հանդիսացել անհետաձգելի քննչական գործողությունների կատարումը չապահովելու համար»:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գումարտակի հրամանատար Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Հիշեցնեմ, 2017 թվականի հունիսի 28-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկն արգելել էր ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև: Ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

Այս դեպքը մեծ արձագանք ստացավ ոչ միայն Հայաստանում։ Միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ արեց «շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն» իրականացնել և «պատժել մեղավորներին»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցրեց, որ միջազգային կազմակերպությունը նաև հորդորել էր թույլ չտալ գումարտակի հրամանատարին դատարան գալ։ Ալեքսանյանը վստահ է, որ գործի բացահայտումը կնպաստի նաև Հայաստանի հեղինակության վերականգնմանը․ - «Սա շատ դրական եմ դիտում ոստիկանության համար, որը պետք է իմանա, որ բռնությունը և ծեծը արգելված է և քրեորեն հետապնդելի է: Հայաստանի ոստիկանությունը միջազգային բոլոր կառույցներում տխրահռչակ է, վատ համբավ ունի, անհամաչափ ուժի կիրառման կրողի համբավը ունի: Եվ այդ վարկանիշը պետք է փոխել հենց էս միջոցներով՝ քրեական գործեր հարուցելով և մեղավորներին ի հայտ բերելով ու պատժելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG