Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում «Հայաստանի հողեր» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցների թունավորման գործով ստացվել են լաբորատոր փորձաքննության արդյունքները: Ըստ այդմ՝ բուտերբրոդում հայտնաբերվել է «Ոսկեգույն ստաֆիլակոկ»։
Կոմիտեն հիշեցնում է, որ ընկերության աշխատակիցների թունավորման ահազանգն ստացվել է մայիսի 17-ին. Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության աշխատակիցների համար, ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ ժամը 12-ից 13-ի սահմաններում, կազմակերպվել է ընդմիջում, որի ժամանակ ընկերության կողմից տրամադրվել են համբուրգերներ, որոնք ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց «Սննդային թունավորում» ախտորոշմամբ մի շարք աշխատակիցներ տեղափոխվել են բուժօգնության:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում) հատկանիշներով, ընկերության 101 աշխատակից ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12-ից 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր: Թունավորման աղբյուրը պարզելու նպատակով՝ փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից և ջրից, «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի և մայոնեզի): Պարզվել է, որ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը և մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։ Նույն օրը նշանակվել է դատասննդային փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, սակայն եզրակացությունը դեռ չի ստացվել», - ասված է հաղորդագրությունում։
Ըստ կոմիտեի, վարույթն իրականացնող մարմինը հունիսի 11-ին ստացել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կատարված նմուշառված սննդի և ջրի լաբորատոր փորձաքննությունների եզրակացությունները, համաձայն որոնց՝ խմելու ջրի և կեռասի փորձաքննությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Իսկ սննդամթերքում` բուտերբրոդում, հայտնաբերվել են «ՄԱՖԱՄ» /մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ/, «ԱՑԽՄ» /աղիքային ցուպիկի խմբի մանրէներ/, «Ոսկեգույն ստաֆիլակոկ», որոնք գերազանցում են ՆՓ-ի սահմանված ցուցանիշների արժեքը:
«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից դատասննդային փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո, ապացույցների համակցությամբ, կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում։