Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց


«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկը, արխիվ

«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանը այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը փոխարինեց նրա խափանման միջոցը չհեռանալու ստորագրությամբ և ազատ արձակեց դատարանի դահլիճից։

Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էր միջնորդություն ներկայացրել դատարան` նշելով, որ քաղաքական իրավիճակ է փոփոխվել, նվազում է նրանց վերագրվող արարքի հասարակական վտանգավորության բնույթն ու աստիճանը, ուստի միայն այդ փաստարկը դնել կալանքի հարցում, հիմնավոր չէ։ Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը չառարկեց։

Արթուր Մելքոնյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ազատ արձակումից հետո Մելքոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում իր ազատ արձակումը պայմանավորեց քաղաքական նոր իրադրությամբ։ Նա ցավակցեց զոհված ոստիկանների հարազատներին։

Նշենք, որ զոհված ոստիկանների հարազատները դեմ են «Սասնա ծռեր»-ի ազատ արձակմանը։

Արթուր Մելքոնյանը 7-րդ ազատ արձակվածն է «Սասնա ծռեր» զինված խմբից: Անցած շաբաթվա ընթացքում դատարանների որոշմամբ կալանքից ազատ արձակվեցին գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող խմբի 5 անդամ՝ Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը և Արամ Հակոբյանը, իսկ երեկ դատարանն ազատ արձակեց Սեդրակ Նազարյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG