Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում. ԱԱԾ խոսնակ


Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ
Երևանի քաղաքապետարանի շենքը, արխիվ

Ազգային անվտանգություն ծառայությունն (ԱԱԾ) այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Ազգային անվտանգության ծառայության խոսնակ Սամսոն Գալստյանը։

Քիչ անց ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասված է․ - «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

ԱԱԾ-ն փոխանցում է, որ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը:

«Հիշում եք, որ ամիսներ առաջ Լենա Նազարյանը և ես դատի էինք տվել «Երևան» հիմնադրամին մեզ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն է: Մեր ունեցած տեղեկություններով, այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին: Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: Բայց դե հինադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել։

Հ.Գ. դատարանին նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի», - գրել էր Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG