Նախօրեին Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, որոնց այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն:
Միջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ վստահեցնելով, որ կներդնեն բոլոր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
Հանդիպման մասնակիցները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։
Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին:
Նշեք, որ սա վարչապետ Փաշինյանի առաջին հանդիպումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Երեկ միջնորդներին ընդունել էր արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը կարևորել է այցը, ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռնում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Համանախագահները ներկայացրել են հիմնահարցի հանգուցալուծման ջանքերում իրենց փորձառությունն ու մոտեցումները։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձան բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։
«Անդրադառնալով նախօրեին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին», - ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը։