Մատչելիության հղումներ

Բալայան․ Մեր գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը ափսոսանք է հարուցում


ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

«Իհարկե, ափսոսանք է առաջացնում մեր գործընկերների կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի փաստը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք շարունակելու ենք ակտիվ քայլերն այդ խնդիրները բաց քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի վաճառքին:

«Այս խնդիրների բարձրաձայնումը համարում ենք առաջնային՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար։ Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ խնդիրը ոչ թե որևէ առանձին երկրի կողմից սպառազինությունների վաճառքն է Բաքվին, այլ ընդհանրապես Ադրբեջանի պես անկանխատեսելի և հարևանների հասցեին ամեն օր ուժի դիրքից հայտարարություններով հանդես եկող երկրին մահաբեր սպառազինությունների մատակարարումը», - շեշտել է Բալայանը:

«Ադրբեջանն իր գործողություններով տարածաշրջանին պարտադրում է սպառազինությունների մրցավազք, ինչը խարխլում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Հայկական կողմը, չողջունելով նման մրցավազքը, կարող է արձանագրել, որ ունի բավարար ներուժ և հագեցվածություն՝ կասեցնելու հակառակորդի ցանկացած արկածախնդրություն», - հայտարարել է Բալայանը՝ ընդգծելով․ - «Մենք հանձնառու ենք մնում ղարաբաղյան հիմնախնդրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բացառապես բանակցային կարգավորմանը՝ ուղղված տարածաշրջանում տևական և իրական խաղաղության հաստատմանը»։

Հիշեցնենք, երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ չնայած պաշտոնական Երևանի հրապարակային քննադատություններին՝ «Պոլոնեզ» հեռահար հրթիռային կայաններն արդեն հասել են Ադրբեջան և ցուցադրվել այդ երկրի նախագահին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG