Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 000 000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական մի շարք այլ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել առգրավումներ և խուզարկություն:
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիմնադրամի գործադիր տնօրենը, կանոնադրությամբ ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, 2013-2018 թթ. ընթացքում հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից առհաշիվ ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325 600 000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, տնօրենը հարցաքննվել է: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը և պարտավորվել փոխհատուցել պատճառված վնասը»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ավելի ուշ հայտարարել էր, թե երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը «սեփական մաշկը փրկելու համար» է Քննչական կոմիտե դիմում ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենի յուրացումների մասին: